ՀայաստանՍպորտ

Հայաստանի հավաքականը 19 մեդալ է նվաճել ավանդական ուշուի Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի ուշուի ազգային հավաքականը 19 մեդալով է վերադարձել Հունաստանի Հերակլիոն քաղաքում անցկացված ավանդական ուշուի Եվրոպայի 8-րդ առաջնությունից։ Մեր մարզիկները մրցապայքարում նվաճել են 11 ոսկե, 4 արծաթե և 4 բրոնզե մեդալ։

Մեծահասակների պայքարում Հայաստանի ներկայացուցիչներից առաջին հորիզոնականներն են զբաղեցրել Վահան Մկրտչյանը (52 կգ), Ժիրայր Պետրոսյանը (56 կգ), Արսեն Բաղրյանը (60 կգ), Դավիթ Վարդանյանը (70 կգ), Սևակ Մուսայելյանը (75 կգ) և Գառնիկ Գալստյանը (90 կգ)։

Արծաթե մեդալակիրներ են դարձել Ռուբեն Մարգարյանը (65 կգ), Ալիկ Ալավերդյանը և Տանյա Հովհաննիսյանը (100 կգ քաշային կարգ), իսկ Տիգրան Գևորգյանը (85 կգ) արժանացել է բրոնզե մեդալի։

Երիտասարդների մրցապայքարում ևս հայ մարզիկները գերազանց են հանդես եկել։ Ոսկե մեդալ են նվաճել Կարիոլինա Համբարձումյանը, Մանե Եգանյանը, Գևորգ Բաղդասարյանը, Էրիկ Վիրաբյանը և Դավիթ Բաղդասարյանը։ Արծաթե մեդալը բաժին է հասել Կարեն Սահակյանին, իսկ բրոնզե մեդալակիրներ են դարձել Ռուբեն Մելքոնյանը, Տիգրան Թովմասյանը և Հրանտ Թադևոսյանը։

Հավաքականը առաջնությանը մասնակցել է Հայաստանի ուշուի ֆեդերացիայի նախագահ Ռուստամ Ալավերդյանի գլխավորությամբ։