
Հայաստանի պատանի ըմբիշները Եվրոպայի առաջնության թիմային հաշվարկում գրավել են առաջին տեղը՝ շրջանցելով Ադրբեջանին
Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականի անդամները գերազանց արդյունքներ են գրանցել Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյեում անցկացված Մ17 տարեկանների Եվրոպայի առաջնությունում՝ նվաճելով 2 ոսկե, 2 արծաթե և 1 բրոնզե մեդալ:
Հայաստանի թիմը թիմային հաշվարկում զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ շրջանցելով Վրաստանի և Ադրբեջանի հավաքականներին:
Եվրոպայի չեմպիոնի կոչումը նվաճել են Մարատ Աճեմյանը (51 կգ) և Հայկ Մանուկյանը (60 կգ): Աճեմյանը եզրափակիչում 10:0 հաշվով վստահ հաղթանակ է տարել Ռուսաստանի ներկայացուցչի նկատմամբ, իսկ Մանուկյանը ժամանակից շուտ 11:3 հաշվով պարտության է մատնել ադրբեջանցի ըմբիշին:
Արծաթե մեդալակիր են դարձել Մարտին Մանջիկյանը (48 կգ) և Ջանես Նազարյանը (65 կգ): Մանջիկյանը եզրափակչում 2։2 հաշվով զիջել է Բուլղարիայի ներկայացուցչին, իսկ Նազարյանը պարտվել է Վրաստանի ներկայացուցիչին:
Բրոնզե մեդալ է նվաճել Արարատ Ավետիսյանը (45 կգ), որը վճռորոշ գոտեմարտում 4:2 հաշվով կամային հաղթանակ է տարել բուլղարացի ըմբիշի նկատմամբ՝ գոտեմարտի վերջին վայրկյաններին:
Առաջիկայում պայքարին կմիանան նաև ազատ ոճի ըմբիշները, որոնց թվում են Արեն Փիրուզյանը, Արտակ Աղաբեկյանը, Վահան Ազարյանը, Արմեն Պապիկյանը, Ռազմիկ Ոսկանյանը, Դավիթ Դավթյանը, Ավետիք Թութխալյանը, Ավետ Ենգոյանը, Նարեկ Մարտիրոսյանը և Լաերտ Մովսեսյանը։