ՀայաստանՍպորտ

Էլմիրա Կարապետյանը և Բենիկ Խլղաթյանը հրաձգության աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր են

Հայաստանի ներկայացուցիչներ Էլմիրա Կարապետյանն ու Բենիկ Խլղաթյանը դարձել են աշխարհի գավաթի արծաթե մեդալակիր՝ մրցելով 10 մետր օդամղիչ ատրճանակ միքս մրցաձևում։ Ինչպես հաղորդում է Հայաստանի հրաձգության ֆեդերացիան, Մյունխենում ընթացող մրցաշարի եզրափակիչում հայ մարզիկները 4:16 հաշվով զիջել են Չինաստանի ներկայացուցիչներին։

Խլղաթյան-Կարապետյան զույգը նույն հաջողությունն ունեցել էր նաև 2024 թվականին՝ նվաճելով գավաթի արծաթե մեդալը։

Ավելի վաղ նրանք հանդես էին եկել նաև անհատական մրցաձևում, որտեղ Խլղաթյանը զբաղեցրել էր 9-րդ, իսկ Կարապետյանը՝ 12-րդ հորիզոնականը։

Նշենք, որ 2025 թվականի մարտին Էլմիրա Կարապետյանը դարձել էր Եվրոպայի փոխչեմպիոն, իսկ որակավորման փուլում զբաղեցրել էր առաջին տեղը՝ սահմանելով Եվրոպայի ռեկորդ։