ՀայաստանՍպորտ

Դիլիջանում կմեկնարկի «ՀՀ վարչապետի գավաթ» խճուղավազքի եզրափակիչ փուլը

Դիլիջանի Պարզ լճի մերձակայքում արդեն չորրորդ տարին է՝ դպրոցականների համար կազմակերպվում է «ՀՀ վարչապետի գավաթ» թիմային խճուղավազքի եզրափակիչ փուլը։

Մրցաշարի նպատակն է խթանել թիմային աշխատանքը, դպրոցականների ֆիզիկական պատրաստվածությունը, ինչպես նաև նրանց մոտ զարգացնել համառություն, փոխօգնություն ու հաղթանակի ձգտում։ Այս տարի եզրափակչին կմասնակցեն 11 թիմեր Հայաստանի բոլոր մարզերից և Երևանից:

Յուրաքանչյուր թիմ կազմված է 7 աշակերտից՝ 5 տղա և 2 աղջիկ։ Նրանք պետք է հաղթահարեն 5 կմ երկարությամբ խճուղային վազքուղի Դիլիջանի բնության գրկում՝ Պարզ լիճ տանող տարածքում։ Մրցաշարի նախնական փուլերը անցկացվել են դեռ մայիս ամսին՝ ընդգրկելով 381 դպրոցի ավելի քան 2600 աշակերտ։


Մրցաշարի հաղթող թիմերը և նրանց ուսուցիչները կստանան պատվոգրեր, գավաթներ, մեդալներ, ինչպես նաև դրամական պարգևներ։ Առաջին տեղ գրաված դպրոցը կստանա 4 միլիոն դրամ, թիմի մարզիչ ուսուցիչը՝ 700 հազար դրամ, իսկ աշակերտներից յուրաքանչյուրը՝ 150 հազար դրամ։

Երկրորդ տեղ զբաղեցրած թիմը կստանա 2.5 միլիոն դրամ, ուսուցիչը՝ 500 հազար, իսկ աշակերտները՝ 100 հազարական դրամ։ Երրորդ տեղի համար նախատեսված են 1.5 միլիոն դրամ թիմի համար, 300 հազար դրամ ուսուցչի, և 75 հազարական դրամ՝ աշակերտների համար։


Սեդա Մարտոյան