ՀայաստանՍպորտ

Հայաստանի չեմպիոն «Նոան» նվաճեց Չեմպիոնների լիգայի որակավորման երկրորդ փուլի ուղեգիր

Հայաստանի չեմպիոն «Նոան» շարունակելու է իր ճանապարհը Չեմպիոնների լիգայի որակավորման փուլում։ Առաջին փուլի պատասխան խաղում մեր թիմը Չեռնոգորիայում 2։2 հաշվով ավարտեց հանդիպումը տեղի «Բուդուչնոստի» հետ և երկու խաղերի արդյունքում (3։2) նվաճեց հաջորդ փուլի ուղեգիրը։
Հանդիպման մեկնարկում աչքի ընկավ Ուլադ Օմարը՝ խփելով իր երկրորդ գոլը այս դիմակայությունում։ Տանտերերը 18-րդ րոպեին մնացին տասը հոգով՝ հարձակվող Իվան Բուլատովիչը կարմիր քարտ ստացավ մրցավարի հետ վիճելու համար։

Դրանից քիչ անց Ալեն Գրգիչի գոլը հաշիվը դարձրեց 2։0՝ հօգուտ «Նոայի»։ Թվում էր՝ ամեն ինչ գնում էր «Նոայի» սցենարով։

Չնայած խաղադաշտում մեկով պակաս լինելու հանգամանքին, Չեռնոգորիայի չեմպիոնը չհանձնվեց։ Նախ, Իգոր Իվանովիչը կրճատեց հաշվի տարբերությունը։ Խաղի վերջին րոպեներին «Նոան» կարող էր ամրագրել հաղթանակը, սակայն Մատեուս Այասը վրիպեց 11 մետրանոցից։ Րոպեներ անց Պետար Գրբիչը հավասարեցրեց հաշիվը՝ դարձնելով այն 2։2։

Որակավորման երկրորդ փուլում «Նոային» սպասվում է բարդ մրցակից՝ Հունգարիայի առաջատար ակումբներից «Ֆերենցվարոշը», որի կազմում խաղում է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդգար Սևիկյանը։