ՀայաստանՍպորտ

Երևանում կմեկնարկի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը

Հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը Երևանը կհյուրընկալի վոլեյբոլի Եվրոպայի մինչև 16 տարեկանների առաջնությունը, որին կմասնակցեն 16 երկրների թիմեր։ Այս խոշոր մարզական իրադարձության մեկնարկից առաջ Հյուսիսային պողոտայում անցկացվել է գեղեցիկ միջոցառում՝ նվիրված առաջիկա առաջնությանը։

Միջոցառմանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը, Հայաստանի Մ16 հավաքականի մարզիկներն ու մարզիչները, ինչպես նաև մարզասերներ։

Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը հայտնել է, որ իրենք շուրջ երեք տարի պատրաստվել են այս միջոցառմանը և արել են առավելագույնը՝ մրցաշարը բարձր մակարդակով կազմակերպելու համար։

Առաջնությանը կմասնակցեն ավելի քան 500 մարզիկ Ֆրանսիայից, Լեհաստանից, Իտալիայից, Հունգարիայից, Լատվիայից, Չեխիայից, Թուրքիայից, Բուլղարիայից, Իսպանիայից, Ուկրաինայից, Ավստրիայից, Հունաստանից, Սերբիայից, Սլովենիայից և Ռումինիայից։

Խաղերը տեղի կունենան «Գազպրոմ Արմենիայի» ուսումնասպորտային համալիրում և Ռուս-հայկական համալսարանի մարզադահլիճում։ Ընդհանուր առմամբ նախատեսված է 60 հանդիպում։

Երևանում արդեն կայացել են բասկետբոլի Եվրոպայի մինչև 20 տարեկանների B դիվիզիոնի առաջնությունը, հոկեյի աշխարհի առաջնությունը և կարատեի Եվրոպայի 60-րդ առաջնությունը։

Սեդա Մարտոյան