ՀայաստանՍպորտ

Հայտնի են Հայաստանի չեմպիոնի ու փոխչեմպիոնի հավանական մրցակիցները հաջորդ փուլ դուրս գալու դեպքում

Հայաստանի չեմպիոն «Նոան» Եվրոպա լիգայի որակավորման երրորդ փուլում կմրցի Ջիբրալթարի «Լինկոլն Ռեդ Իմպսի» հետ։ Եթե հաջողվի հաղթահարել այս թիմի արգելքը, հայաստանյան թիմը կանցնի հաջորդ փուլ։ Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆում Հայաստանը չեմպիոնը կմրցի «Կլուժ» (Ռումինիա) — «Բրագա» (Պորտուգալիա) զույգի հաղթողի դեմ։ Բայց անգամ ձախողման դեպքում «Նոայի» եվրոպական ճանապարհը չի ավարտվի․ թիմը կշարունակի պայքարը Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆ փուլում։

Այդ դեպքում մրցակիցը կլինի «Օլիմպիա Լյուբլյանա» (Սլովենիա) — «Էգնատիա» (Ալբանիա) զույգի հաղթողը։ Այսինքն՝ «Նոային» դեռ առնվազն երկու կարևոր խաղ է սպասվում, իսկ մեծ խաղերին թիմը պատրաստ է։

Առաջին խաղը Ջիբրալթարում կայանալու է օգոստոսի 7-ին, իսկ պատասխան հանդիպումը՝ օգոստոսի 14-ին Աբովյանում։

Հայաստանի փոխչեմպիոն «Արարատ-Արմենիան» արդեն իսկ աչքի է ընկել իր կայուն խաղով։ Կոնֆերենցիաների լիգայի երրորդ փուլում թիմը կմրցի Չեխիայի հզոր ներկայացուցիչ Պրահայի «Սպարտայի» հետ։ Եթե հաջողվի հաղթել այս բարդ մրցակցին, ապա Կոնֆերենցիաների լիգայի փլեյ-օֆֆում հայկական ակումբը կմրցի «Ռիգա» (Լատվիա) – «Բեյտար» (Իսրայել) զույգի հաղթողի հետ։

«Արարատ-Արմենիայի» առաջին խաղը կկայանա օգոստոսի 7-ին՝ Պրահայում, իսկ պատասխան խաղը՝ օգոստոսի 14-ին Երևանում։ Հաջորդ փուլի խաղերը նախատեսված են օգոստոսի 21-ին և 28-ին։