
Պատրաստվե՞նք նոր էջի․ Եղիշե Մելիքյանը կարող է ստանձնել ազգային հավաքականի ղեկը
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականում կադրային լուրջ փոփոխություն է սպասվում։ Ըստ հասանելի դարձած տեղեկությունների՝ Եղիշե Մելիքյանը ամենայն հավանականությամբ կդառնա Հայաստանի հավաքականի նոր գլխավոր մարզիչը։ Վերջնական որոշումը կարող է կայացվել վաղը՝ օգոստոսի 6-ին, Ֆուտբոլի ֆեդերացիայի գործկոմի նիստում։
Այն, որ Հայաստանի հավաքականում փոփոխություն է պետք, ֆուտբոլասերների շրջանում քննարկվում է վաղուց։ Ջոն Վան’տ Սխիպի գլխավորությամբ հավաքականը վերջին 6 ամսվա ընթացքում միայն 4 հանդիպում է անցկացրել՝ և արդյունքները, մեղմ ասած, հիասթափեցնող են։ Թիմը 3 պարտություն է կրել ու գրանցել ընդամենը 1 ոչ-ոքի։ Դարպասի ուղղությամբ խփած և բաց թողած գոլերի տարբերությունը՝ 5–16, պատկերն ավելի է սրում։:
Այժմ ֆեդերացիան կանգնած է կարևոր որոշման առջև՝ վստահել մի նոր մարդու, որը հայկական ֆուտբոլի ներսից է գալիս, ճանաչում է տեղական մթնոլորտը և ունի զգալի մարզչական փորձ։
Եղիշե Մելիքյանը, ում անունը հիմա առավել շատ է շրջանառվում, տարիներ շարունակ հանդես է եկել հայկական և ուկրաինական ակումբներում։ Որպես ֆուտբոլիստ՝ նա երկու անգամ դարձել է Հայաստանի գավաթակիր, իսկ որպես մարզիչ՝ 2022-ին և 2024-ին «Փյունիկի» հետ նվաճել է Հայաստանի առաջնության ոսկե մեդալը։ Նրա գլխավորությամբ «Փյունիկը» հասել է մինչև Կոնֆերենցիայի լիգայի խմբային փուլ։
Չնայած Մելիքյանը նախապես հայտարարել էր, որ իր հետ ոչ ոք պաշտոնապես չի խոսել հավաքականը գլխավորելու մասին, նա նաև նշել էր, որ նման առաջարկի դեպքում կմոտենա այն մեծ պատասխանատվությամբ՝ որպես հայրենասեր ու հայ ֆուտբոլին նվիրված մասնագետ։
Հայկական ֆուտբոլը նոր շնչի կարիք ունի։ Մնում է սպասել՝ արդյո՞ք Մելիքյանն է, ինչի կարիքն այս պահին ունի մեր հավաքականը։