ՀայաստանՍպորտ

«Հանրապետական» մարզադաշտի խոտածածկը պատրաստ կլինի Պորտուգալիայի դեմ խաղին

Հայաստանի ֆուտբոլի հավաքականը սեպտեմբերի 6-ին Երևանում կհանդիպի աշխարհի ամենահզոր թիմերից մեկին՝ Պորտուգալիային։ Խաղը կայանալու է Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, որտեղ վերջին շաբաթներին քննարկվում էր խոտածածկի վիճակը։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից վստահեցնում են․ որևէ խնդիր չպետք է անհանգստացնի երկրպագուներին։ Մարզադաշտում աշխատանքները կատարվում են շուրջօրյա ռեժիմով, և խաղի օրը խոտածածկը կլինի պատշաճ վիճակում։

Նման դեպքեր սպորտում սովորական են, բայց կան հստակ լուծումներ։ Մարզադաշտ եկող երկրպագուները կհամոզվեն, որ խոտածածկը լիովին պատրաստ է խաղին,- նշում են ֆեդերացիայից։ Հիշեցնենք, որ «Հանրապետական» մարզադաշտում անցկացված Ջենիֆեր Լոպեսի համերգից հետո խոտածածկը դեղնել է, իսկ երկրպագուները բարձրաձայնում են այն հարցը, որը, ըստ իրենց, կասեցնում է ոչ միայն տեղական խաղերի անցկացումը, այլ նաև հարված է Հայաստանի միջազգային սպորտային հեղինակությանը։

Համերգի ժամանակ հանդիսատեսը կանգնած չի եղել անմիջապես խոտի վրա, այլ հատուկ պաշտպանիչ ծածկույթի։ Սակայն՝ այդ մեթոդը կիրառելի է միայն ժամանակակից տեխնոլոգիական մարզադաշտերում, իսկ «Հանրապետական» մարզադաշտը այդ մակարդակի չէ։ Բացի այն, որ խոտածածկը դեղնել է, հնարավոր է՝ վնասվել են նաև ջրահեռացման և ոռոգման համակարգերը։

Հայաստանի հավաքականը Մունդիալ-2026-ի ընտրական փուլի առաջին խաղում հենց Պորտուգալիայի դեմ է սկսում պայքարը։ Հանդիպումը կկայանա սեպտեմբերի 6-ին՝ ժամը 20։00-ին։