
Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային խաղի տոմսերը մի քանի անգամ թանկ գնով հայնտվել են համացանցում
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան արձագանքել է Հայաստան–Պորտուգալիա հանդիպման տոմսերի վաճառքի հետ կապված դժգոհություններին։
ՀՖՖ-ի տեղեկացմամբ՝ «Հանրապետական» մարզադաշտը կարող է տեղավորել առավելագույնը 14․000 երկրպագու, մինչդեռ տոմս ձեռք բերելու հայտ է ներկայացրել շուրջ 470․000 մարդ։ Մեկ երկրպագուի համար սահմանված էր առավելագույնը երկու տոմսի գնման հնարավորություն, ինչի արդյունքում մոտ 7000 հայտ է բավարարվել։
Ֆեդերացիայում ընդգծում են, որ դժգոհության հիմնական պատճառը մեծ պահանջարկն է․ շուրջ 450․000 երկրպագու պարզապես հնարավորություն չի ունեցել տոմս գնելու։
ՀՖՖ-ն նշում է, որ տոմսերի պաշտոնական վաճառքից ամիսներ առաջ համացանցում արդեն իսկ հայտնվել էին ոչ պաշտոնական հայտարարություններ։ Այժմ որոշ վերավաճառողներ դրանք վաճառում են տասնապատիկ թանկ գներով։ Իսկ իրականում դրանց արժեքը 1000-3000 դրամ է եղել։
Վաճառված բոլոր տոմսերի QR կոդերը ակտիվանալու են միայն սեպտեմբերի 6-ին, խաղի օրը։ Վերավաճառողները կարող են նույն տոմսը փոխանցել մի քանի անձի, սակայն գործելու է միայն մեկ QR կոդ։