
Ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը մինչև 20 տարեկանների Աշխարհի առաջնությունում դարձավ արծաթե մեդալակիր
Հայաստանի երիտասարդ ըմբիշ Յուրիկ Մխիթարյանը գրանցեց հիշարժան արդյունք Բուլղարիայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում։ 17-ամյա մարզիկը, ով հանդես է գալիս 60 կգ քաշային կարգում, դարձավ մրցաշարի փոխչեմպիոն։
Եզրափակիչում Մխիթարյանը ուժերը չափեց Ադրբեջանի ներկայացուցչի՝ Այխան Ջավադովի հետ, սակայն այս անգամ պարտվեց և զբաղեցրեց երկրորդ հորիզոնականը։ Կիսաեզրափակիչում հայ ըմբիշը փայլուն հաղթանակ էր տոնել՝ 9:0 հաշվով ժամանակից շուտ հաղթելով Հնդկաստանի ներկայացուցիչ Սուրաժին։
Առաջնությունը անցկացվում է օգոստոսի 17–24-ը Բուլղարիայի Սամոկով քաղաքում։ Հայաստանի հավաքականը մրցաշարին ներկայանում է 9 ըմբիշով։