ՀայաստանՍպորտ

Պորտուգալիայի ու Իռլանդիայի խաղերին ընդառաջ․ ո՞ւմ է հրավիրել նորանշանակ մարզիչ Մելիքյանը

Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը հրապարակել է հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը՝ Աշխարհի 2026 թվականի առաջնության եվրոպական գոտու որակավորման փուլի Պորտուգալիայի և Իռլանդիայի հետ հանդիպումներին ընդառաջ:

Եղիշե Մելիքյանի ընտրած ֆուտբոլիստների մեծ մասը (27 ֆուտբոլիստ է հրավիրվել, որից 15-ը արտերկրում հանդես եկողներն են) արտերկրում հանդես եկող հայ ֆուտբոլիստներն են։ Հայաստանի Պրեմիեր լիգայից ընտրվել են 12 ֆուտբոլիստներ։ Ընդհանուր առմամբ՝ Մելիքյանը անսպասելի որոշումներ չի կայացրել։ Տևական դադարից հետո մի շարք հայ ֆուտբոլիստներ են վերադարձել հավաքական, օրինակ, Ալբերտ Խաչումյանը, Էրիկ Փիլոյանը, Նորբերտո Բրիասկո Բալեկյանը։

Նախորդ մարզչի օրոք Հրանտ-Լեոն Ռանոսը խնդիրներ ունեցավ։ Նա հեռացավ հավաքականի ճամբարից, իսկ Վան՛տ Սխիպը հրապարակային նշեց, որ քանի դեռ ինքն է մարզում Հայաստանի հավաքականը, Ռանոսը չի հրավիրվի։ Մելիքյանի՝ հավաքականի ղեկը ստանձնելուց հետո նա առաջին հավաքին հրավիրվել է։ Հավաքականում երկար ժամանակ է՝ չենք տեսել նաև Լուկաս Զելարայանին, ով արգենտինական «Բելգրանոյում» է հանդես գալիս։ Արգենտինահայ հարձակվողը այս մրցաշրջանի 18 խաղում դարձել է 3 գոլի և նույնքան գոլային փոխանցման հեղինակ։

Հայկական Պրեմիեր լիգայի նորեկները հատկապես կուրախանան՝ հայտացուցակում տեսնելով «Ալաշկերտի» կիսապաշտպան Կարեն Նալբանդյանին, ով նախորդ մրցաշրջանը «Վանի» կազմում հիանալի անցկացրեց՝ 31 խաղում խփելով 9 գոլ և կատարելով 6 գոլային փոխանցում։ Նալբանդյանն առաջին անգամ կկրի հավաքականի գույները։

Հայտացուցակում սպասվում էր նաև Թոմաս Ադորյանի անունը, սակայն Մելիքյանի մարզչական շտաբը այս անգամ նրան հնարավորություն չի տվել։ Ադորյանը հունիսին կայացած ընկերական խաղերին հրավիրվել էր ու նորամուտը նշեց հավաքականի կազմում։

Պորտուգալիայի դեմ խաղը շատ ավելի կարևոր կարող է դառնալ նաև Էդուարդ Սպերցյանի համար, ում տրանսֆերի համար եվրոպական մի շարք ակումբներ պայքարում են։ Նա փայլուն է սկսել նոր մեկնարկած առաջնությունում։ Սպերցյանը հասցրել է 7 խաղում աչքի ընկնել 4 գոլով և 6 գոլային փոխանցումով։

Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 1-ից մարզական հավաք կանցկացնի ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/Ֆուտբոլի ակադեմիայում: Սեպտեմբերի 6-ին հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։  Սեպտեմբերի 9-ին ազգային ընտրանին կրկին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Իռլանդիային։ Հանդիպման մեկնարկը՝ ժամը 20։00-ին (Երևանի ժամանակով)։