
Եղիշե Մելիքյան․ «Մենք գիտենք Պորտուգալիայի ուժեղ կողմերը, կփորձենք օգտագործել»
Աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման փուլի մեկնարկային տուրում Հայաստանի ազգային հավաքականը վաղը՝ սեպտեմբերի 6-ին, Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում ուժերը կչափի Պորտուգալիայի հետ։
Նորանշանակ գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը լրագրողներին վստահեցրեց՝ խաղը լինելու է բարդ, բայց թիմն ունի իր խաղային պլանը. Պորտուգալիան լուրջ մրցակից է, բայց մենք գիտենք նրանց թույլ կողմերը և կփորձենք դրանք օգտագործել, միաժամանակ չեզոքացնելով նրանց ուժեղ կողմերը,- նշեց Մելիքյանը։
Նա հավելեց, որ խաղային անակնկալներ հնարավոր են, սակայն դրանք մեծամասամբ կախված կլինեն խաղի ընթացքից, ու վստահ է, որ թիմը պատրաստ է մարտահրավերին: Մարզիչը նաև շեշտեց, որ թիմում կան մի քանի առաջատար խաղացողներ, և թևկապը պարտադիր չէ ավագի դեր ստանձնելու համար:
Թիմի նորեկներ Նարեկ Աղասարյանը և Կարեն Նալբանդյանը ևս կմասնակցեն, որպեսզի աստիճանաբար ինտեգրվեն հավաքականի մթնոլորտին։ Ակնկալվում է, որ կենտրոնական պաշտպանի դիրքում երիտասարդների մասնակցությունը որոշակի ռիսկ կպարունակի, բայց մարզիչը վստահ է՝ երկարաժամկետ հեռանկարում նրանք կկազմեն հուսալի պաշտպանություն։ Վնասվածքներ ունեցող ֆուտբոլիստներ կան հավաքականի ճամբարում։ Օրինակ՝ Ստյոպա Մկրտչյանը բաց կթողնի առաջիկա երկու խաղերը, սակայն թիմը պատրաստ է ուժեղ մրցակցին դիմակայելու։
Նորանշանակ գլխավոր մարզիչն անդրադարձավ նաև, թե ինչ նպատակներ են դրվել իր առաջ ՀՖՖ-ի կողմից․
Ինչ վերաբերում է ՀՖՖ-ի առաջադրանքներին, այս մրցափուլում կոնկրետ նպատակներ դրված չեն: Իմ առջև խնդիր է դրված լուծել առկա խնդիրները, որոնց մասին դեռ չեմ կարող բարձրաձայն խոսել: Ես եկել եմ առաջին հերթին խնդիրները լուծելու, ապա՝ արդյունքի հասնելու համար:
Մամուլի ասուլիսին մասնակցում էր նաև հավաքականի առաջատարներից Էդուարդ Սպերցյանը, ով այս ամռանը կարող էր տեղափոխվել եվրոպական ակումբ, սակայն տրանսֆերը գուցե չկայանա նվազագույնը մինչև ձմռան դադարը։
Այս պահին չեմ ցանկանում խոսել այդ թեմայով: Կենտրոնացած եմ վաղվա խաղի վրա: Ինչ վերաբերում է մոտիվացիային, ես պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ եմ, և մոտիվացիան միշտ առկա է: