ՀայաստանՍպորտ

Հայաստանի հավաքականը Երևանում խոշոր հաշվով զիջեց Պորտուգալիային

Երևանի «Հանրապետական» մարզադաշտում սեպտեմբերի 6-ին տեղի ունեցավ Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումը, որը ավարտվեց հյուրընկալների ծանր պարտությամբ։

Խաղի մեկնարկից առաջ երկու թիմերը մեկ րոպե լռությամբ հարգեցին Դիոգու Ժոտայի հիշատակը։ Սակայն հենց առաջին տասը րոպեներին պարզ դարձավ՝ Պորտուգալիան եկել է միայն հաղթանակի համար։ Ժոաու Ֆելիքսը գլխի հարվածով բացեց հաշիվը, իսկ ընդամենը տասը րոպե անց Քրիշտիանու Ռոնալդուն գրավեց Հայաստանի դարպասը։ Հետո էլ Ժոաու Կանսելուն հասցրեց երրորդ հարվածը՝ առաջին խաղակեսը ավարտելով 0։3 հաշվով։

Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկին Ռոնալդուն դարձավ դուբլի հեղինակ՝ հաշիվը դարձնելով 0։4։ 61-րդ րոպեին էլ Ֆելիքսը դարձավ դուբլի հեղինակ։

Արդյունքում՝ Հայաստանի ընտրանին պարտվեց խոշոր՝ 0։5 հաշվով։

Խաղին ներկա էր ավելի քան 14 000 հանդիսատես:

Վաստակած 3 միավորով այս պահին Պորտուգալիայի հավաքականը F խմբում առաջին հորիզոնականում է։ Քիչ անց՝ Երևանի ժամանակով 22:45-ին, Իռլանդիայի մայրաքաղաք Դուբլինում կմեկնարկի մեր խմբի Իռլանդիա-Հունգարիա հանդիպումը:

Հայաստանի ազգային հավաքականն իր հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 9-ին՝ կրկին տանն ընդունելով Իռլանդիայի ընտրանուն: