
Հայաստան-Պորտուգալիա խաղի տոմսերի վաճառքի գործով արդեն կա ձերբակալված
Հայաստան–Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքի ընթացքում հնարավոր խարդախությունների վերաբերյալ այս պահին ՆԳՆ ոստիկանությունում ստացվել է 10 հաղորդում։ Ինչպես Amnews-ին տեղեկացրին ՆԳՆ մամուլի ծառայությունից, դրանցից 5-ը արդեն բացահայտվել է, մեկ անձ ձերբակալվել է, իսկ մնացած դեպքերով քննությունը շարունակվում է։
Հիշեցնենք՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տոմսերի վաճառքի մեկնարկի մասին հայտարարել էր օգոստոսի 14-ին։ Սակայն արդեն առաջին րոպեներից երկրպագուները հայտնել էին, որ հնարավոր չէ տոմս գնել։ Շատերը գնացել էին նաև «Հանրապետական» մարզադաշտի տոմսարկղ, սակայն պարզվել էր, որ այս տարվանից թղթային տարբերակով վաճառքը դադարեցվել է։ Ավելի ուշ ՀՖՖ-ն գործարկեց հերթագրման համակարգ, սակայն երկրպագուների պնդմամբ՝ այդ ժամանակ էլ տոմսերն արդեն սպառված էին։ Դրա փոխարեն՝ «սև շուկայում» և ռուսաստանյան կայքերում մի քանի անգամ թանկկ գներով տոմսեր էին վաճառվում, որին Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միայն հայտարարություններով էր պատասխանում։
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին Երևանում կայացած աշխարհի 2026 թվականի առաջնության որակավորման խաղում Հայաստանի հավաքականը 0։5 հաշվով պարտվեց Պորտուգալիայի թիմին։