ՀայաստանՍպորտ

Կառավարությունը խոստանում է կառուցել 3 նոր մարզադաշտ

Հայաստանում սպորտային ենթակառուցվածքների հարցը տարիներ շարունակ եղել է և՛ քաղաքական օրակարգում, և՛ հանրային սպասումների կենտրոնում։ Այսօր էլ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը ԱԺ-ում հայտարարեց, որ կառավարությունն աշխատանքներ է տանում հանրապետական նշանակության երեք նոր ստադիոններ ունենալու ուղղությամբ։ 2026 թվականի կեսից էլ նախատեսվում է Վանաձորում ֆուտբոլի մարզադաշտի վերակառուցում ֆուտբոլի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնության անցկացման համար։

Թվերը և գաղափարները գրավիչ են․ ԿԳՄՍ նախարարը խոսել է 35 հազար տեղանոց նոր ազգային մարզադաշտի, վերակառուցվող Վանաձորի մարզադաշտի, Վաղարշապատում ներդրողների հետաքրքրության մասին և այլն։ Հայաստանում մարզադաշտերի խնդիրը երբեք միայն կառուցվածքային չի եղել։ Խնդիրը նաև արդյունավետ կառավարման և պահպանման մեջ է։ Հրազդանի օրինակն արդեն դասագրքային է․ խորհրդային տարիներին կառուցված մարզադաշտը տարիներ շարունակ մնաց անմխիթար վիճակում՝ սեփականության անորոշության և պետական անգործության պատճառով։ Այսօր էլ նույն հարցը բարձրացվում է․ եթե անգամ լուծվի սեփականության իրավական կողմը, դեռ պետք է հսկայական ներդրումներ՝ վերակառուցման համար։

Արդիական է ֆինանսավորման հարցը։ Անդրեասյանը շեշտում է ներդրողների հետաքրքրությունը, սակայն փորձը ցույց է տվել, որ Հայաստանի նման փոքր շուկան սպորտային խոշոր նախագծերի համար գրավիչ չէ, եթե պետական աջակցություն չկա։ Իսկ պետական աջակցությունը նոր պարտավորություններ է բյուջեի վրա։ Հիշենք, օրինակ 2020 թվականից առաջ ՀՖՖ նախագահ նոր ընտրված Արմեն Մելիքբեկյանի այն հայտարարությունը, որ Չինաստանի հետ նախապատրաստում էին ազգային մարզադաշտ կառուցել, սակայն համավարակի պատճառով բանակցությունները դադարեցին, իսկ ազգային մարզադաշտի հարցը կարծես դարձավ կառավարությանը՝ այն ներառելով ակադեմիական քաղաքի կառուցվածքում։

Մարզադաշտեր կառուցելուց առաջ պետք է հստակ գիտակցել, որ սպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը պետք է համահունչ լինեն ընդհանուր ռազմավարությանը։ Այսօր Հայաստանի առաջնային խնդիրներից մեկը սպորտի մասշտաբայնացումն է, մարզադպրոցների վերականգնումը, մարզական բազաների զարգացումը։