
90 րոպե երկրպագել, բայց մնալ ծարավ
Հայաստանը վերջին օրերին ֆուտբոլով էր ապրում։ Երևան ժամանեց աշխարհահռչակ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուն։ Ֆուտբոլասերները անհամբերությամբ սպասում էին նրա խաղին։ Ռոնալդուն ու խաղընկերները կարողացան հաղթանակի հասնել Հայաստանի հավաքականի նկատմամբ, իսկ ֆուտբոլի լեգենդներից մեկը դուբլ ձևակերպեց։ Օրեր անց Հայաստանի հավաքականն էլ հաղթեց Իռլանդիայի ընտրանուն։ Այն ուրախանալու մեծ առիթ տվեց երկրպագուներին։
Չնայած բուն ֆուտբոլային երևույթներին՝ կարևոր ու ամենաքննարկվող հարցերից մեկը դարձավ տոմսերի վերավաճառքը։ Ամենաթանկ տոմսն էլ արժեցավ շուրջ 800 հազար դրամ։ Բայց այս երևույթներից զատ երկրպագուներն ունեն նաև այլ խնդիր․ դա կապված է ջրի կամ զովացման ըմպելիքների վաճառքի հետ։ Ընդհանրապես ֆուտբոլային աշխարհում, ցանկացած միջոցառումներ կազմակերպելիս պարտադիր է, որ ներս մտնող անձնինք իրենց մոտ եղած շշերը խաղադաշտ չտանեն։ Ոստիկաններն ու իրավապահ մարմինները ստուգում են մինչ մուտքն ու լինելու դեպքում այն խնդրում աղբարկն ուղարկել։
Սակայն, հետաքրքիրն այն է, որ մարզադաշտի տարածքում ջուր կամ զովացուցիչ ըմպելիք գնելը մեծ հերթեր են գոյացնում, որի արդյունքում մարդիկ ամբողջ խաղի ընթացքում մնում են ծարավ։ Երկրպագուներից մեկը պատմում է, որ ամենաքիչ հերթը լինում է խաղի ընթացքում, սակայն դրա համար էլ 10-15 րոպե պիտի սպասել։ Լինում է, որ հերթի մեջ սպասելիս բարձր վանկարկումներ են լսվում մարզադաշտից, բոլորը շտապում են՝ տեսնելու խաղային իրավիճակը։ Վերադառնում են ու հերթն ավելի է մեծանում։
Սա ոչ միայն վերջին հանդիպումներին է վերաբերում, այլ ընդհանրապես «Հանրապետական» մարզադաշտում ցանկացած հանդիպմանը։ Բացի դա էլ՝ երկրպագուներն ունեն խնդիրներ նստատեղերի հետ կապված։ Գրեթե բոլոր խաղերին նստատեղերը լինում են կեղտոտված։