«Grand Swiss 2025»-ի վերջին երկու տուրից առաջ Շանթ Սարգսյանը 1 միավորով է հետ մնում առաջատարից
«Grand Swiss 2025»-ի վերջին փուլերը մոտենում են, և հայ շախմատիստները շարունակում են ուշադրության կենտրոնում մնալ։
9-րդ տուրում Ռոբերտ Հովհաննիսյանը վստահ խաղ ցուցադրեց և ոչ-ոքի արդյունք գրանցեց աշխարհի գործող չեմպիոն Գուկեշ Դոմարաջուի դեմ պարտիայում։ Սեպտեմբերի 14-ին հայ մյուս գրոսմայստերը՝ Գաբրիել Սարգսյանը, կփորձի առավելության հասնել աշխարհի գործող չեմպիոնի նկատմամբ։
Այս պահին լավագույն արդյունք հայ գրոսմայստերների շարքում ունի Շանթ Սարգսյանը․ ինը տուրից հետո նրա հաշվին 5.5 միավոր է։ 9-րդ տուրում Շանթը նույնպես ոչ-ոքի խաղաց հնդիկ գրոսմայստեր Վիդիտ Գուջարաթիի հետ։ 9 տուրից հետո Արամ Հակոբյանն ունի 5 միավոր, Հովհաննիսյանն ու Գաբրիել Սարգսյանը՝ 4-ական, իսկ Հայկ Մարտիրոսյանը՝ 3։ Կանանց մրցաշարում Էլինա Դանիելյանը վաստակել է 5, իսկ Լիլիթ Մկրտչյանը՝ 4 միավոր։
Մրցաշարի ավարտին մնացել է ընդամենը երկու տուր, ուստի առաջիկա օրերը վճռորոշ են։ Հիշեցնենք, որ «Grand Swiss»-ի հաղթողներն ու երկրորդ հորզիոնական զբաղեցրած շախմատիստները թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց մրցաշարերում իրավունք են ստանալու մասնակցելու 2026 թվականի հավակնորդների մրցաշարերին։
