Ռոման Բերեզովսկին լքել է Հայաստանի հավաքականի մարզչական շտաբը
Հայաստանի ազգային հավաքականի նախկին դարպասապահ և դարպասապահների մարզիչ Ռոման Բերեզովսկին հայտնել է, որ Եղիշե Մելիքյանի գլխավոր մարզիչ նշանակվելուց հետո լքել է թիմի մարզչական շտաբը։
Metaratings.ru-ի հետ զրույցում Բերեզովսկին նշել է, որ հուլիսի վերջին արդեն շրջանառվում էին գլխավոր մարզչի փոփոխության մասին խոսակցությունները։
Դա շարունակվեց ամբողջ շաբաթվա ընթացքում, երբ Ջոնը հեռացավ թիմից։ Որոշ ժամանակ անց Մելիքյանը նշանակվեց։ Մի քանի օր անց նա զանգահարեց ինձ և ասաց, որ իր շտաբում ունի դարպասապահների մարզիչ, որի հետ երկար ժամանակ աշխատել է։ Զանգից հետո ես արդեն որոշել էի, որ քիչ հավանական է, որ մնամ ազգային հավաքականի մարզչական շտաբում։
Բերեզովսկին Հայաստանի հավաքականի մարզչական շտաբում աշխատել է հինգ տարի՝ 2020-2025 թվականներին։
Հիշեցնենք, որ 46-ամյա Եղիշե Մելիքյանը Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ է նշանակվել օգոստոսի 6-ին։ Նրա պայմանագիրը կնքվել է մինչև 2026 թվականի նոյեմբեր։ Մելիքյանի նշանակումից հետո հավաքականում կարիերան ավարտելու մասին հայտարարեց նաև թիմի ավագ Վարազդատ Հարոյանը։
Չնայած այդ հեռացումներին՝ Եղիշե Մելիքյանը հայտարարել էր, որ բանակցություններ կվարի Հենրիկ Մխիթարյանի հետ՝ թիմ վերադառնալու ակնկալիքով։
