«Ուրարտու» ֆուտբոլային ակումբը նոր մարզադաշտ կկառուցի
Երևանի «Ուրարտուն» նախատեսում է ունենալ նոր մարզադաշտ։ Երևանյան ակումբը նոր մարզադաշտի կառուցումը նախատեսում է նախկին «Նաիրի» ստադիոնի տարածքում։ Վեց նախագծեր անցել են եզրափակիչ փուլ։ Նշենք, որ 2024 թվականին «Ալաշկերտ» ակումբը վաճառել է Երևանի «Նաիրի» մարզադաշտը «Ուրարտուի» սեփականատեր Ջևան Չելոյանցին։
Ջևան Չելոյանցն արդեն հայտարարել է, որ գնել է մարզադաշտի ենթակառուցվածքները, ու «Նաիրիի» տեղում շուտով կարող է վեր հառնել նոր մարզադաշտ, որտեղ էլ հավանաբար տնային իր հանդիպումները կանցկացնի «Ուրարտուն»։ Բացի այդ, Չելոյանցի ավելի վաղ արված հայտարարության համաձայն` «Ուրարտուն» մանկապատանեկան դպրոց է հիմնելու Ստեփանավան քաղաքում, ու չի բացառվում որ այդ քաղաք տեղափոխվի «Ուրարտու-2» թիմը և այնտեղ անցկացնի իր հանդիպումները։


Նշենք՝ վերջերս հայտնի դարձավ, որ «Նոան» Վաղարաշապատում կկառուցի իր մարզադաշտն ու ֆուտբոլային ակադեմիան։ Նախագիծը բաժանված է երկու փուլերի։ Առաջին փուլում (2024-2030 թթ.) կարդիականացվի գործող ֆուտբոլի ակադեմիան՝ այն համապատասխանեցնելով միջազգային ստանդարտներին։ Երկրորդ փուլում (2025-2030 թթ.) նախատեսվում է կառուցել նոր մարզադաշտ, մանկապատանեկան ֆուտբոլային ակադեմիայի շենք, մարզաբազա և անհրաժեշտ օժանդակ կառույցներ։
Նոր մարզադաշտը նախատեսված է 15 հազար հանդիսատեսի համար, իսկ համալիրում կգործեն նաև 4-6 բնական ու արհեստական խոտածածկ մարզադաշտեր։
Շինարարությունը կիրականացվի «Իմեջին Երևան»-ին պատկանող 5,5 հա և համայնքի 23,8 հա հողատարածքներում։ Համայնքի հողամասը ընկերությանը կվաճառվի ուղղակի վաճառքով, ինչի արդյունքում Վաղարշապատի բյուջեն կստանա շուրջ 688 միլիոն դրամ։
Ծրագրի իրականացումը նախատեսում է ստեղծել ավելի քան 100 նոր աշխատատեղ՝ միջինում 380 հազար դրամ աշխատավարձով։ Մարզահամալիրի գործարկումից հետո նոր աշխատատեղեր ևս կավելանան։ Սպասվում է նաև, որ շինարարությունն ու հետագա գործունեությունը կաշխուժացնեն տեղական տնտեսությունը՝ զարգացնելով հյուրանոցային, սննդի ու ժամանցի ոլորտները։
«Իմեջին Երևան» ընկերությունը ստեղծվել է 2023 թվականին՝ «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի կողմից։ Այն արդեն ձեռք է բերել Վաղարշապատի ֆուտբոլի ակադեմիայի տարածքը Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայից։
