
Արթուր Ալեքսանյանը պարտվեց, բայց մարզիչը վստահ է՝ նա դեռ կասի իր խոսքը
Հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի առաջնությունից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Բաբալարյանը հանդես եկավ հայտարարությամբ։ Նա շեշտեց, որ չնայած Օլիմպիական չեմպիոն Արթուր Ալեքսանյանի պարտությանը՝ նրա կարիերան չի ավարտվել, և լեգենդար մարզիկը դեռ շատ բան ունի ցույց տալու։
Բաբալարյանի խոսքով՝ Ալեքսանյանը պարտվեց, որովհետև քառորդ եզրափակիչ գոտեմարտում պարզապես չկարողացավ պահել բռնվածքը։
Արթուրը այնքան մեդալ ունի, որ եթե դրանք մեկի վզին կախենք, նա դժվար թե կանգուն մնա։ Սպորտում ամեն ինչ պատահում է։ Նա լեգենդ է, և նրան քննադատելու իրավունք չունենք։ Այս պարտությունը չի նշանակում, որ ամեն ինչ ավարտված է, – ասաց մարզիչը։
Խոսելով հավաքականի մյուս անդամների մասին՝ Բաբալարյանը նշեց, որ նրանք բավարար հանդես եկան, թեև կարող էին ավելիին հասնել։ Հայաստանը այս առաջնությունում նվաճեց երեք մեդալ՝ ոսկե (Մալխաս Ամոյան) և երկու բրոնզե (Հրաչյա Պողոսյան, Սլավիկ Գալստյան)։
Ամոյանը, ով աշխարհի կրկնակի չեմպիոն դարձավ, ասաց, որ միայն ոսկու համար էր մեկնել Զագրեբ և այդ նպատակին հասավ։ Սլավիկ Գալստյանն էլ, ով երկար դադարից հետո նորից նվաճեց մեդալ, նշեց, որ սա իր համար շատ կարևոր արդյունք է և վստահ է՝ հաղթանակները շարունակական կլինեն։
Հայաստանի հավաքականը թիմային պայքարում զբաղեցրեց 5-րդ տեղը։