Հայ դահուկորդը իր շապիկի վրա փակել է «Ադրբեջան» գրառումը․ ֆեդերացիան պարզաբանել է
Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիան բացատրել է հայ դահուկավազորդ Միքայել Միքայելյանի՝ Tour de Ski մրցաշարում «Ադրբեջան» գրությունը փակելու հետ կապված միջադեպը։ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը ֆեյսբուքյան էջում հրապարակել է թե ԿԳՄՍ նախարարության հարցումը, և թե ֆեդերացիայի պատասխանն՝ նշելով, որ իրավիճակը պարզ է ու լրացուցիչ պարզաբանման կարիք չունի։
Միջադեպը տեղի է ունեցել Իտալիայի Տոբլաչ քաղաքում՝ մրցաշարի ընթացքում, երբ Միքայելյանը ծածկել է «Ադրբեջան» գրությունը կպչուն ժապավենի միջոցով: Մրցաշարը հովանավորվում էր Ադրբեջանի կողմից, իսկ դահուկավազքի կոստյումների և մրցաշարի ընթացքում մեծ վահանակներով ցուցադրվում էր երկրի անունը։ Այս քայլի պատճառով Միքայելյանը FIS-ի կողմից տուգանվել է, սակայն դրա չափը դեռևս չի հրապարակվել։
Ֆեդերացիան, արձագանքելով նախարարության հարցմանը, նշել է, որ միջադեպը որևէ քաղաքական բնույթ չի կրում, և հայ մարզիկի գործողությունը բնական և հասկանալի է:
ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր հայտարարության մեջ նշել էր, որ տեղյակ են միջադեպից, սակայն ընդգծել է, որ սպորտը պետք է մնա սպորտի մասին: Նա հավելել էր, որ ֆեդերացիայից ստացված պարզաբանումներից հետո կգնահատեն հետագա քայլերի անհրաժեշտությունը։
Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Սարգսյանը նաև նշել է, որ կազմակերպությունը կվճարի տուգանքը։
