Եվրոպայի առաջնությունից առաջ ոլորտի ենթակառուցվածքային խնդիրները բարձրաձայնվել են

Հայաստանում սպորտային հրաձգության ոլորտում ենթակառուցվածքային խնդիրները շարունակում են մնալ արդիական։ Եվրոպայի մեծահասակների առաջնությունից առաջ հրավիրված ասուլիսի ժամանակ Հայաստանի հրաձգության հավաքականի գլխավոր մարզիչ Սեյրան Նիկողոսյանը հայտարարեց, որ երկրում գործում է ընդամենը մեկ նորմալ մարզադպրոց։

Նրա խոսքով՝ բազաների պակաս կա ինչպես մայրաքաղաքում, այնպես էլ մարզերում։ Նա հույս է հայտնել, որ առաջնությունից հետո ոլորտը կզարգանա։

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացրեց, որ առաջնության կազմակերպման համար պետությունը հատկացրել է 500 մլն դրամ։ Նրա խոսքով՝ կազմակերպման փուլում նպատակ է դրվել ձեռք բերել գույքի առնվազն մի հատված՝ թիրախներ և այլ սպեցիֆիկ պարագաներ, որոնք հետագայում կուղղվեն ենթակառուցվածքների զարգացմանը։

Անդրեասյանը նշեց, որ ֆեդերացիայի հետ քննարկվել է հրաձգության զարգացման հայեցակարգն ու մոտեցումները, և պետությունը պատրաստակամ է իրականացնել այդ աշխատանքները։ Նա նաև ընդգծեց, որ նախատեսվում է այն առաջ մղել նաև դպրոցներում «Ֆիզկուլտուրա» առարկայի շրջանակում։

Հրաձգության Եվրոպայի մեծահասակների առաջնությունը կանցկացվի Երևանում փետրվարի 27-ից մարտի 5-ը։