Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամները դարձել են Բալկանյան առաջնության հաղթող

Հայաստանի աթլետիկայի հավաքականի անդամներ Գոռ Հովակիմյանն ու Երվանդ Մկրտչյանը հաղթել են Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությունում, որը կայացել է Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում։

Եռացատկորդ Գոռ Հովակիմյանը ցուցադրել է 16.66 մետր արդյունք և գրավել առաջին հորիզոնականը։ Վազորդ Երվանդ Մկրտչյանը նվաճել է ոսկե մեդալ 1500 մետր վազքում՝ 3:42.29 րոպե արդյունքով։ Մարզիկներին պարգևատրել է Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանը։

Ռազմիկ Ղազարյանը եռացատկում ցուցադրել է 16.21 մետր արդյունք և միջազգային ասպարեզում սահմանել անձնական ռեկորդ՝ լրացնելով սպորտի վարպետի նորման։

Մրցաշարին մասնակցել են նաև Սամվել Գևորգյանը, Գոռ Հարությունյանը, Ռոման Ալեքսանյանը և Ստյոպա Անդրեասյանը։ Բալկանյան երկրների աթլետիկայի մարզասրահի առաջնությանը պետք է մասնակցեր նաև եռացատկորդ Լևոն Աղասյանը, որն օրերս արծաթե մեդալակիր է դարձել Ղազախստանում կայացած միջազգային մրցաշարում, սակայն վատառողջ լինելու պատճառով Աղասյանը բաց է թողել Բելգրադում անցկացված առաջնությունը: