ՀայաստանՍպորտ

Կոտայքում նոր «համահայկական ավան» կկառուցվի մարզիկների համար. կստեղծվի 1200 աշխատատեղ

Կառավարությունը Կոտայքի մարզում՝ Ջրվեժի անտառպարկի տարածքում, նախատեսում է կառուցել «Համահայկական ավան»։ Այն կծառայի ոչ միայն Համահայկական խաղերի մասնակիցներին, այլև կդառնա բազմաֆունկցիոնալ կենտրոն՝ նախատեսված երիտասարդական հավաքների, Հայաստան-սփյուռք միջոցառումների և հանգստի համար։

Ավանը կյանքի է կոչվելու երեք փուլով։ Սկզբում կտեղադրվեն էկոտնակներ, ճաշարան և բժշկական կենտրոն։ Հետագայում կկառուցվեն սպորտային հարթակներ ու մարզասրահներ։ Յուրաքանչյուր տնակի համար նախատեսված է 110-120 քմ հողատարածք։

Ծրագրի ընդհանուր արժեքը գնահատվում է մոտ 21 միլիարդ դրամ։ Մարզիկների կեցությունն ու մարզվելու պայմանները ապահովելուց բացի, այն նաև տնտեսական նշանակություն ունի․ ամբողջությամբ գործարկվելուց հետո նախատեսվում է ստեղծել շուրջ 1240 աշխատատեղ։ Կառավարությունը վստահեցնում է, որ շինարարությունը չի վնասի անտառը․ բոլոր շինությունները տեղադրվելու են ոչ անտառածածկ հատվածներում, իսկ ծրագրի շրջանակում նախատեսվում է տնկել շուրջ 20 հազար նոր ծառ։

Հիշեցնենք, որ Ջրվեժի անտառպարկը հիմնադրվել է 1977-ին և համարվում է եզակի պարկային համալիր՝ հարուստ ավելի քան 300 բուսատեսակով, որոնցից 21-ը գրանցված են Հայաստանի Կարմիր գրքում։