ՀայաստանՍպորտ

Ալեքսանդր Լազարյանը դարձել է ծանրամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնության հաղթող

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականի անդամ Ալեքսանդր Լազարյանը ոսկե մեդալ է նվաճել Լեհաստանում ընթացող մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։ 102 կգ քաշային կարգում հայ ծանրորդը երկամարտում գրանցել է 347 կգ արդյունք (154+193 կգ)։

Պոկում վարժությունում Լազարյանը երեք հաջող մոտեցում է կատարել՝ գլխավերևում պահելով 145, 150, 154 կգ կշռող ծանրաձողերը: Այս վարժությունում նա նվաճել է փոքր բրոնզե մեդալը:

Հրում վարժությունում Ալեքսանդր Լազարյանը բարձրացրել է 186, 190, 193 կգ կշռող ծանրաձողերն ու փոքր ոսկե մեդալ նվաճել:

Հայաստանի հավաքականի ծանրորդ Միլենա Խաչատրյանը 81 կգ քաշային կարգում Եվրապայի առաջնության մինչև 23 տարեկանների պայքարում նվաճել է արծաթե մեդալ։ Նա երկամարտում գրանցել է 218 կգ (96+122 կգ) արդյունք։