ՀայաստանՍպորտ

Ֆուտբոլի կանանց Հայաստանի ազգային հավաքականը երկրորդ խաղում անընդմեջ հաղթանակի հասավ

ՈւԵՖԱ-ի Կանանց Ազգերի լիգայի C լիգայի երկրորդ տուրում կանանց Հայաստանի ազգային հավաքականը Արմավիրի Հակոբ Տոնոյանի անվան «Քաղաքային» մարզադաշտում առավելության հասավ Ղազախստանի ընտրանու նկատմամբ (2։0):

Մեր ընտրանու կազմում գոլի հեղինակներ դարձան Սվետլանա Ղարագյոզանը (14) և Օքսանա Պիզլովան (56): Վերջինս աչքի ընկավ 11-մետրանոցից։ Այս հաղթանակը երկրորդն էր մեր ընտրանու համար C լիգայում։ Հայաստանը 6 միավորով խմբում զբաղեցնում է C խմբի առաջին հորիզոնականը։ Լյուքսեմբուրգը երկրորդ է, սակայն հավասար միավոր ունի երրորդ տեղը զբաղեցնող Ղազախստանի հետ (1 միավոր)։ Աղյուսակը եզրափակում է Լիխտենշտեյնը։

Առաջին տուրում Կանանց ֆուտբոլի ազգային հավաքականը իր պատմության ամենախոշոր հաղթանակը տարավ։ Կանանց հավաքականը շուրջ մեկ տարի է՝ չէր կարողանում հաղթանակի հասնել։

Նշենք, որ Կանանց Հայաստանի ազգային հավաքականը հաջորդ հանդիպումը կանցկացնի ապրիլի 4-ին Լյուքսեմբուրգի ընտրանու դեմ։