
TikTok-ը կրկին հասանելի է դարձել ԱՄՆ-ում
TikTok-ը կրկին հասանելի է դարձել ԱՄՆ-ում։ ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավելվածի հասանելիությունը կվերականգնի իր՝ իշխանության վերադառնալուց հետո։ Սրա մասին հաղորդում է Reuters-ը։
Դոնալդ Թրամփը հունվարի 19-ին՝ իր երդմնակալության նախօրեին կայացած հանրահավաքի ժամանակ, հայտարարել է, որ իրենք այլընտրանք չունեն և պետք է փրկեն TikTok-ը։ Դրանից ժամեր առաջ TikTok-ը արդեն շնորհակալություն էր հայտնել Թրամփին։
Reuters-ը նշում է, որ ԱՄՆ-ում TikTok-ից օգտվում է ավելի քան 170 միլիոն մարդ։ Հավելվածը դուրս էր բերվել Apple-ի և Google-ի հավելվածներից։ Արգելափակման պատճառը նախորդ տարվա ապրիլին կայացած որոշումն է եղել, որը ստորագրել էր նախկին նախագահ Ջո Բայդենը։ Ընդունված որոշումն արգելում էր ամերիկյան ընկերություններին տրամադրել բովանդակություն չինական սոցիալական մեդիա հարթակին, եթե այն չվաճառվի ԱՄՆ-ից կամ նրա դաշնակիցներից որևէ գնորդի։
Հունվարի 19-ից ուժի մեջ էր մտել այն արգելելու մասին օրենքը՝ ԱՄՆ ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնելու պատճառաբանությամբ։ ԱՄՆ պաշտոնյաները նախազգուշացրել էին, որ չինական մայր ընկերության՝ ByteDance-ի ենթակայության տակ գտնվելու պատճառով կան վտանգներ, որ ամերիկացիների տվյալները սխալ կօգտագործվեն։
Թրամփը հայտարարել է, որ օրենքով նախատեսված արգելքների՝ ուժի մեջ մտնելու ժամանակաշրջանը կերկարաձգի, որպեսզի կարողանա գործարք կնքել երկրի ազգային անվտանգությունը պաշտպանելու համար։
Հունվարի 13-ին Bloomberg-ը գրել էր, որ չինական TikTok հավելվածի ներկայացուցիչները հերքել են լուրերն այն մասին, թե չինական ByteDance Ltd ընկերությունը կարող է Իլոն Մասկին վաճառել TikTok-ը։ Նշվում էր, որ Պեկինի կառավարությունը ցանկանում էր, որ Իլոն Մասկը ստանձնի հատուկ ԱՄՆ-ի համար ստեղծված TikTok US-ի վերահսկողությունը։ Այդ դեպքում հավելվածը կարող է միավորվել X հավելվածին (նախկինում՝ Twitter): Մասկի կողմից TikTok-ը գնելու մասին ԱՄՆ-ում քննարկումը ծագել է չինացի բարձրաստիճան պաշտոնյաների պատճառով։ Նրանք ցանկանում են կապեր հաստատել Թրամփի առաջիկա վարչակազմի և նրա դաշնակիցների հետ: