
Apple-ը ներկայացրել է նոր iPhone 16e հեռախոս
Apple-ը փետրվարի 19-ին ներկայացրել է iPhone 16e-ն՝ iPhone 16 շարքի նոր մոդելը։ Այն ունի նոր հնարավորություններ և գնային առումով iPhone 16-ի համեմատ ավելի մատչելի է։ Սա նաև Apple-ի կողմից նախագծված բջջային մոդեմով առաջին iPhone-ն է։ Բացի այդ՝ այն Apple-ի կողմից ներկայումս վաճառվող ամենաէժան iPhone-ն է, որն աջակցում է Apple Intelligence-ին՝ արհեստական բանականությանը: iPhone 16e-ն արժե 599 դոլար։ Հեռախոսի վաճառքը կսկսվի փետրվարի 28-ից: Հեռախոսը հասանելի կլինի սև և սպիտակ գույներով։ Անհատականացման համար կստեղծվեն նաև պատյաններ։
Իսկ ո՞րն է նոր մոդելի առավելությունը։
Apple-ը պնդում է, որ iPhone 16e-ի նոր 5G մոդելը «iPhone-ի երբևէ եղած ամենաէներգաարդյունավետ մոդելն է»։ iPhone 16e-ը շատ ընդհանրություններ ունի iPhone 16-ի հետ։ Երկու հեռախոսներն էլ ունեն 6,1 դյույմանոց էկրան, Face ID, 48 մեգապիքսել տեսախցիկ և «Action» կոճակ՝ ֆունկցիաներից ավելի հեշտ օգտվելու համար։ Այնուամենայնիվ, iPhone 16e-ն ավելի էժան է և չունի երկրորդ տեսախցիկ՝ ավելի լայն կադրեր նկարելու համար։ Բացակայում է նաև տեսախցիկ արագ մուտք գործելու համար նախատեսված Camera Control կոճակը: