
Հայաստանում ինքնաթիռները արդեն կարող են կողմնորոշվել անգամ վատ եղանակային պայմաններում
Ռուսաստանի «Ռոստեխ» պետական կորպորացիան Հայաստանին մատակարարել է նորագույն նավիգացիոն սարքավորում: Այն հնարավորություն է տալիս ինքնաթիռներին կողմնորոշվել լեռնային տեղանքում, այդ թվում՝ վատ եղանակային պայմաններում։
Ըստ ընկերության տարածած հաղորդագրության՝ Սիսիանում տեղադրված VOR/DME 2700 համաուղղորդված ռադիոփարոսը միաժամանակ կարող է սպասարկել մինչև 200 ինքնաթիռ։ Այն արտադրվել է «Ազիմուտ» ընկերության կողմից և համապատասխանում է Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ICAO) չափանիշներին։ Սարքը համարվում է օդային ուղիների նավիգացիայի հիմնական, իսկ վայրէջքի համար՝ լրացուցիչ միջոց։
«Ազիմուտ» ընկերության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Գալչենկովը նշել է, որ Հայաստանում իրականացված փորձարկումներն արդեն ավարտված են։ Սարքավորումը թույլ կտա օդանավերին հստակ կողմնորոշվել ինչպես բարդ ռելիեֆով տարածքներում, այնպես էլ տեսանելիության սահմանափակման պայմաններում։
VOR/DME 2700 համակարգը նախկինում արդեն տեղադրվել է Ռուսաստանի մի շարք քաղաքներում՝ այդ թվում Ստավրոպոլում, Նովոսիբիրսկում, Կալինինգրադում, ինչպես նաև օգտագործվում է միջազգային մի շարք օդանավակայաններում։ Ընկերության ներկայացմամբ՝ այն համարվում է բարձր հուսալիության և ամրության օրինակ։