ՀայաստանՏեխնոլոգիա

Հայաստանում կստեղծվի AI կենտրոն. տարեկան մինչև 300 մլն դոլարի արտահանում

Հայաստանում կստեղծվի նոր սերնդի արհեստական բանականության տվյալների կենտրոն՝ Nvidia-ի մասնակցությամբ։ Սա կարող է դառնալ Հայաստանի տեխնոլոգիական զարգացման խոշորագույն նախագծերից մեկը։ Մեկ փաստ. կենտրոնը՝ զբաղեցնելով ընդամենը 2000 քմ տարածք, կկարողանա տարեկան գեներացնել 200-300 միլիոն դոլարի արտահանում։ Սրա մասին հայտարարել է Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ Վանաձորում անցկացվող «Vanadzor Tech Week»-ի ժամանակ։

Կենտրոնը կստեղծվի Nvidia-ի և Firebird ընկերության համագործակցությամբ։ Firebird-ը հիմնադրել են Հայաստանի և սփյուռքի ՏՏ ոլորտի գործարարները։ Նախագծի ընդհանուր ներդրումների ծավալը գնահատվում է մոտ 500 միլիոն դոլար։ Բացի տնտեսական օգուտից, այս նախագիծը կունենա ևս մեկ առանցքային նշանակություն․ մարզերում կսկսեն պատրաստվել բարձր որակավորման մասնագետներ։ Նրանց գիտելիքներն ու հմտությունները չեն զիջի մայրաքաղաքում ուսանած և աշխատող մասնագետներին։

Եթե նախագիծն իրապես կյանքի կոչվի նշված չափանիշներով, ապա սա կարող է փոխել ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի խճանկարը, այլև տնտեսական համեմատական կշիռները՝ Հայաստանը դնելով տվյալների մշակման և արտահանման գլոբալ քարտեզի վրա։