
Հայաստանում գործարկվել է երեխաների և դեռահասների կիբեռանվտանգության առաջին առցանց հարթակը
Հայաստանում սկսեց գործել «ԿիբեռՉատ» հարթակը, որը նախատեսված է մինչև 18 տարեկան երեխաների և դեռահասների համար։ Հարթակի հիմնական նպատակն է պաշտպանել երեխաներին ու դեռահասներին առցանց սպառնալիքներից, ինչպիսիք են կիբեռբուլինգը, անձնական տվյալների շանտաժը, հետապնդումները և օգտահաշիվների կոտրումները։
Այն ստեղծվել է ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի և CyberHUB-AM-ի նախաձեռնությամբ՝ Մեծ Բրիտանիայի կառավարության ֆինանսավորմամբ։
«ԿիբեռՉատ»-ը հասանելի է chat.cyberhub.am հասցեով և տրամադրում է․
— անանուն առցանց չատ՝ շուրջօրյա հասանելիությամբ,
— թեժ գիծ՝ 055 228811 համարով,
— ուղիղ կապ սոցիալական հարթակներով՝ Facebook, Instagram, TikTok, Snapchat, Telegram և WhatsApp,
— տեխնիկական, իրավական և հոգեբանական աջակցություն,
— օգտակար նյութեր ու կանխարգելիչ խորհուրդներ։
Հարթակից կարող են օգտվել ոչ միայն երեխաները, այլև ծնողները, ուսուցիչները և խնամակալները՝ երեխաներին պաշտպանելու և առցանց վտանգներին ճիշտ արձագանքելու համար։