ՀայաստանՏեխնոլոգիա

DigiTec 2025․ տեխնոաշխարհի ամենամեծ հանդիպումը Երևանում

Հայաստանի տեխնոլոգիական օրացույցի ամենասպասված իրադարձությունը՝ DigiTec 2025-ը, այս տարի կնշի իր 20-րդ հոբելյանը։ Հոկտեմբերի 10–12-ին Երևանի Meridian Expo Centre կենտրոնում կմեկնարկի տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը, որը երեք օր շարունակ կհամախմբի հազարավոր մասնագետների, ստարտափերի, ներդրողների և տեխնոասերների։

DigiTec-ը տարիների ընթացքում վերածվել է ոչ միայն ցուցահանդեսի, այլև ամբողջական հարթակի, որտեղ միախառնվում են նորարար գաղափարներ, համաշխարհային փորձ և համագործակցության հնարավորություններ։ Այս տարի միջոցառումը անցկացվում է «tech expo, conference & festival» ձևաչափով՝ միավորելով ցուցահանդեսը, գիտաժողովը և փառատոնը։

Ակնկալվում է ավելի քան 40 հազար այցելու, մոտ 250 ընկերություն ավելի քան 20 երկրից, ինչպես նաև 100-ից ավելի միջազգային խոսնակներ։ Նրանց թվում կլինեն տեխնոաշխարհի առաջատար անուններ՝ Oculus-ի համահիմնադիր Ջեք Մակքաուլին, NVIDIA-ի փոխնախագահ Ռև Լեբարեդյանը և Moderna կենսատեխնոլոգիական ընկերության հիմնադիր Նուբար Աֆեյանը։

Միջոցառման շրջանակում կգործի ստարտափների հատուկ տաղավար, որտեղ նորարար թիմերը հնարավորություն կունենան ներկայացնելու իրենց նախագծերը ներդրողներին և գործընկերներին։ Բացի այդ, գիտաժողովային հատվածում կքննարկվեն արհեստական բանականության զարգացումները, վենչուրային ներդրումների միտումները, ինչպես նաև առաջացող տեխնոլոգիաների ազդեցությունը բիզնեսի և հասարակության վրա։

Սեդա Մարտոյան