Canva-ն անհասանելի է. գլոբալ խափանումը դժվարացրել է հայաստանյան օգտատերերի աշխատանքը
Հոկտեմբերի 20-ին, գրաֆիկական դիզայնի աշխարհի ամենահայտնի հարթակներից մեկը՝ Canva-ն, բախվել է լայնածավալ տեխնիկական խնդիրների՝ անհասանելի դառնալով աշխարհի, այդ թվում՝ Հայաստանի բազմաթիվ օգտատերերի համար։
Հոկտեմբերի առավոտյան ժամերից սկսած (Երևանի ժամանակով կեսօրին մոտ) գրաֆիկական դիզայնի Canva հարթակում գրանցվել է լուրջ տեխնիկական խափանում։ Օգտատերերը, այդ թվում՝ հայաստանյան ուսանողները, SMM մասնագետները և բիզնեսներւ, զանգվածաբար հայտնել են, որ չեն կարողանում մուտք գործել կայք, բեռնել նախագծերը կամ օգտագործել հիմնական գործառույթները։
Օգտատերերը ստացել են «503 Server Error» հաղորդագրությունը կամ բախվել են էջերի դանդաղ բեռնմանը։ Թեև Canva-ն հստակ պատճառ չի նշել, տվյալների մոնիթորինգի համաշխարհային ցանցերը հուշում են, որ խափանումը կարող է կապված լինել Amazon Web Services (AWS) ամպային ծառայությունների աշխատանքի հետ, որոնք ապահովում են Canva-ի սերվերների աշխատանքը։
Ընկերության պաշտոնական կարգավիճակի էջում հաստատվել է խնդիրը՝ նշելով, որ իրենք «գրանցում են սխալների զգալիորեն բարձր ցուցանիշներ» և ակտիվորեն աշխատում են դրա վերացման ուղղությամբ։ Հաշվի առնելով, որ Canva-ն Հայաստանում հանդիսանում է հիմնական գործիքներից մեկը փոքր և միջին բիզնեսների, մարքեթինգային թիմերի և անհատ դիզայներների համար, խափանումը լուրջ անհարմարություններ է առաջացրել ամենօրյա աշխատանքային գործընթացներում և նախատեսված հրապարակումների ժամանակացույցում։ Մասնավորապես տուժել են այն մասնագետները, ովքեր ունեն ճկուն կամ հեռավար աշխատանքային գրաֆիկ և ապավինում են հարթակի մշտական հասանելիությանը։
Հարկ է նշել, որ խնդիրներ են արձանագրվել նաև Amazon, Snapchat, Roblox, Venmo և այլ հարթակներում:
