ՀՀ կառավարությունն աջակցություն է ցուցաբերելու «Հայասաթ 2» արբանյակի ստեղծմանը

Հայրենական «Հայասաթ 2» արբանյակի ստեղծման համար ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցություն ցուցաբերել՝ մասնավորապես հարկային արտոնությունների ձևով։ Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը:

Նախարարի խոսքով՝ «Հայասաթ-1»-ը, որը լաբորատորիայում է հավաքվել, հաջողությամբ դուրս է բերվել ուղեծիր 2023 թվականի դեկտեմբերին, մոտ 550 կմ բարձրության վրա, 5 տարվա ծառայության ժամկետով, սակայն առաքելությունն ավարտվել է 2025 թվականի ապրիլին։

Մխիթար Հայրապետյանը ընդգծեց, որ «Հայասաթ» տեսակի արբանյակներն անգնահատելի նշանակություն ունեն Հայաստանի համար՝ հատկապես գիտության, հետազոտության և նորարարության ոլորտում, ինչպես նաև սեփական ուժերով արբանյակ նախագծելու և գործարկելու հնարավորության տեսանկյունից։ Նախարարն ասաց, որ ոլորտը դեռ զարգացման երկար ճանապարհ ունի անցնելու՝ ավելի մեծ ու համապարփակ նպատակներ ունենալու համար։

Հիշեցնենք, որ «Հայասաթ-1»-ը Հայաստանի առաջին հայրենական արբանյակն էր, իսկ 2022 թվականին գործարկված «ArmSat»-ը արտադրվել էր Իսպանիայում՝ ՀՀ կառավարության պատվերով։