ԱշխարհՀայաստան

Ստրասբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ձմեռային նստաշրջանը

Ստրասբուրգում հունվարի 26-ին մեկնարկել է ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանը, որը կշարունակվի մինչև հունվարի 30-ը։

Լիագումար նիստերի օրակարգում ընդգրկված են մի շարք կարևոր քաղաքական և միջազգային հարցեր։ Նստաշրջանի առանցքային իրադարձություններից են Մոլդովայի նախագահ Մայա Սանդուի և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի ելույթները։ ՀՀ արտաքին գործերի նախարարն արդեն մեկնել է Ստրասբուրգ։

ԵԽԽՎ ձմեռային նստաշրջանի ընթացքում նախատեսվում է քննարկել չորս հրատապ թեմա՝ միջազգային կարգին սպառնացող մարտահրավերները՝ Գրենլանդիայի դեպքի համատեքստում, Գազայում և Արևմտյան ափին հրադադարից հետո հաշվետվողականության, մարդասիրական պաշտպանության և միջազգային իրավունքի պահպանման հարցերը, Եվրոպական սոցիալական խարտիայի ընդունման 65-ամյակը, խորհրդարանական վեհաժողովի նախագահի ընտրության ընթացակարգի բարեփոխման անհրաժեշտությունը՝ ժողովրդավարական գործընթացների վերականգնման նպատակով։

Նստաշրջանի ընթացքում նախատեսվում են նաև քննարկումներ Ուկրաինայի համար համապարփակ, արդար և կայուն խաղաղության ապահովման, ինչպես նաև եվրոպական մայրցամաքի անվտանգության հետ կապված այլ հարցերի շուրջ։

Վեհաժողովը կանցկացնի նաև հեռացող նախագահի հրաժեշտի արարողությունը և կընտրի նոր նախագահ։ Նստաշրջանի առաջին օրը կհաստատվի ԵԽԽՎ եզրափակիչ օրակարգը։

ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար Ստրասբուրգ են գործուղվել նաև Հայաստանի Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ։