Ռուբեն Ռուբինյանը հանդիպեց ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ալիսոն Հուքերի հետ
Երևանում տեղի ունեցավ ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ և Հայաստան–Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով տեղակալ Ալիսոն Հուքերի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին Հայաստան–ԱՄՆ ռազմավարական գործընկերությանն առնչվող հարցեր, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները և Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը։
Հայաստանում ԱՄՆ դեսպանատան տեղեկացմամբ՝ Հուքերը Երևան է ժամանել տարածաշրջանային խաղաղության և անվտանգության վերաբերյալ ԱՄՆ նախագահի տեսլականի առաջմղման նպատակով։ Դեսպան Քրիստինա Քվինը նրան դիմավորել է օդանավակայանում։
Դեսպանատունը նաև նշել էր, որ այցի շրջանակում Հուքերը հանդիպումներ կունենա վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի և հատուկ բանագնաց Ռուբեն Ռուբինյանի հետ՝ քննարկելու հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության ամրապնդման հետագա քայլերը՝ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախաձեռնության (TRIPP) և հայ-ամերիկյան հուշագրերի շրջանակում։
