
Հայաստան, Լիբանան, Սիրիա․ աշխարհաքաղաքական ի՞նչ զարգացումների սպասել, ու որո՞նք պիտի լինեն Հայաստանի քայլերը
Լիբանանում հրադադարի հաստատումից ժամեր անց սկսվեցին Սիրիայի գործողությունները։ Լիբանան-Սիրիա դիմադրության ցանցային համակարգի ջլատումը անհրաժեշտ գործողություն էր, որպեսզի Սիրիայում մեկնարկեին իշխանափոխության գործընթացները նաև նոր ուժերի կողմից Ասադի վարչախմբի հեռացումը և իշխանության ստանձնումը։
Լիբանանում գործող «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը AMNEWS-ի հետ զրույցում նշեց, թե ինչպիսին է իրավիճակն այս պահին լիբանահայերի շրջանում և ինչ փոփոխություններ են եղել, որոնք են Հայաստանի հետագա քայլերն աշխարհաքաղաքական նման զարգացումներից հետո։
Լիբանանահայերը կրեցին այն բոլոր ծանր հետևանքները, որը կրեց Լիբանանի հասարակությունը այս վերջին պատերազմից։ Որոշակի ճգնաժամեր կային ֆինանսական, տնտեսական, անվտանգային և դրանից բխած կենցաղային, սոցիալական խնդիրներ։ Սակայն, համայնքը միասնականություն ցույց տվեց և համակարգված ձևով աշխատեց։ Հայկական քաղաքական կուսակցությունները, և դրանց առընթեր գործող միությունները օժանդակեցին փախստականներին։ Հրադադարից հետո կարող ենք ասել, որ մեծ հաշվով այն պահպանվում է, և կյանքը քայլ առ քայլ վերադառնում է բնականոն հունի։
Ըստ Գանտահարյանի՝ հետագա գործընթացները բարդ է կանխատեսելը, որովհետև ընդհանուր միտումն այն է, որ միջին արևելյան տարածաշրջանի համար քաղաքական նոր քարտեզ է գծվում։ Թուրքիան ավելի աշխուժացել է տարածաշրջանում, ավելի ակնհայտ է դառնում Թուրքիա-Իսրայել շահերի ռազմաքաղաքական համագործակցությունը։
Նա բացատրում է, որ տարածաշրջանում գլխավոր խաղացողների, օրինակ, Միացյալ Նահանգների, Թուրքիայի, որը հիմնական դերակատարներից է Սիրիայում, Իսրայելի, որը արդեն սիրիական որոշ տարածքների վրա վերահսկողություն է հաստատել, շահերի համընկնումը անորոշ է դարձնում իրավիճակը։ Սրա համար ժամանակ է պետք։
«Ազդակի» գլխավոր խմբագիրը հնարավոր զարգացումների մասին խոսեց ու նշեց, թե ինչ պետք է անի Հայաստանը այդ իրավիճակում։
Գլխավոր խաղացողները հիմնականում նույնն են։ Խոսքը Միացյալ Նահանգների, Ռուսաստանի, Իրանի, Թուրքիայի մասին է, ովքեր ներգրավվել են 2 տարածաշրջաններում ընթացող գործընթացներին։ Այս առումով Հայաստանը պետք է նկատի Թուրքիայի և Իսրայելի, ինչպես նաև Ադրբեջանի և Իսրայելի համագործակցությունը, որը ավելի խորացել է ռազմական ոլորտում։ Ըստ այդմ պետք է փորձել կանխատեսել հետագա խնդիրները, քանի որ Իսրայելի նպատակներից մեկը Իրանի սահմանամերձ շրջաններում հայտնվելը, այնտեղ հենակետեր ունենալն է, ինչը որոշ առումով նա արեց արցախյան պատերազմին ներգրավվելով և Արցախյան պատերազմից հետո որոշ հենակետեր տեղադրելով իրանամերձ շրջաններում։
Այս ամենին զուգահեռ՝ համահայկական փորձագիտական դաշտը պետք է կարողանա ճիշտ վերլուծել իրավիճակը և՛ Միջին Արևելքում, և՛ Հարավային Կովկասում։ Սթափ և ճիշտ գնահատելու, վերլուծելու խնդիր կա, հավանական սցենարները կանխատեսելու և այդ սցենարներին ընդառաջ նաև նախապատրաստվելու։