ՀայաստանՍպորտ

«Վեստ Արմենիա» ֆուտբոլային ակումբը հեռացվել է Պրեմիեր լիգայից

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի կարգապահական և էթիկայի կոմիտեն մայիսի 14-ին կայացած նիստում որոշել է հեռացնել «Վեստ Արմենիա» ակումբին Fastex Պրեմիեր լիգայի 2024/25 մրցաշրջանից։

Պատճառը 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» դեմ հանդիպմանը չներկայանալն էր։ Արդյունքում, ակումբին գրանցվել է 0-3 հաշվով տեխնիկական պարտություն։ Բացի այդ, որոշվել է ակումբին թույլատրել մասնակցել միայն Առաջին խմբի առաջնությանը, և արգելել ՀՖՖ հովանու ներքո անցկացվող այլ մրցաշարերի մասնակցությունը հաջորդ մրցաշրջանում։

ՀՖՖ կարգապահական կանոնակարգի համապատասխան հոդվածի հիմքով «Վեստ Արմենիան» տուգանվել է երկու միլիոն դրամի չափով։

Ակումբը առաջին անգամ չէ, որ չի ներկայանում հանդիպմանը։ 2024 թվականի դեկտեմբերի 5-ին՝ «Փյունիկի» դեմ Fastex Պրեմիեր լիգայի 17-րդ տուրի հանդիպմանը, թիմը չի ներկայացել և ակումբը տուգանվել է 500,000 դրամի չափով։ Պատճառն այն էր, որ «Վեստ Արմենիայի» ֆուտբոլիստները 3 ամիս է՝ աշխատավարձ չէին ստանում։ Ֆուտբոլիստները հանդիպմանը չէին ներկայացել՝ ի նշան բողոքի։

Ավելի վաղ ֆուտբոլիստները նշում էին, որ Հայաստանում բնակարան են վարձել, չեն կարողանում վարձակալության գումարը տալ։ Անգամ նշում էին, որ եղել են օրեր՝ անգամ հաց չեն կերել։ Ակումբից հայտնել էին, որ աշխատավարձի ուշացումներ եղել են նորմայի սահմաններում, սակայն ֆուտբոլիստները պնդում են հակառակը։