Դատախազությունը կբողոքարկի Գարեգին Երկրորդի նկատմամբ սահմանափակման վերացման որոշումը
ՀՀ գլխավոր դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի նկատմամբ կիրառված խափանման միջոցի վերացման մասին դատարանի որոշումը։
Ավելի վաղ փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել էր, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Անի Դանիելյանը բավարարել է պաշտպանական կողմի բողոքը՝ վերացնելով կաթողիկոսի նկատմամբ սահմանված բացակայելու արգելքը։
Դատախազությունից, սակայն, նշել են, որ այդ որոշման դեմ կներկայացվի վերաքննիչ բողոք։
Հիշեցնենք, որ փետրվարի 14-ին հայտնի դարձավ՝ Գարեգին Երկրորդի նկատմամբ հարուցվել է քրեական հետապնդում՝ Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ, կարգալույծ արված Արման Սարոյան-ի գործով դատական ակտի կատարումը խոչընդոտելու մեղադրանքով։ Այդ շրջանակում կաթողիկոսի նկատմամբ կիրառվել էր երկրից դուրս գալու արգելք։
Սահմանափակման հետևանքով Գարեգին Երկրորդը չէր կարողացել մասնակցել մի շարք կարևոր միջոցառումների, այդ թվում՝ Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում նախատեսված Եպիսկոպոսաց ժողովին և մեկնել Վրաստան՝ ներկա գտնվելու համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդ-ի հուղարկավորությանը։

