ՀայաստանՏնտեսություն

2025 թվականի ԲՏԱ նախարարության բյուջեն 89 տոկոսով կգերազանցի 2024 թվականի բյուջեին 

Հայաստանը կձգտի բարելավել իր դիրքերը հատկապես միկրոէլեկտրոնիկայի և ռոբոտաշինության ուղղություններով։ Սրա մասին հայտարարել է ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2025 թվականի Պետական բյուջեի նախնական քննարկմանը։

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացրել է գալիք տարվա ծախսերը։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության ծախսերի համար պետբյուջեից կհատկացվի 47,5 մլրդ դրամ։ Սա 89 տոկոսով կգերազանցի նախորդ տարվա բյուջեին։

Նախարարությունը 47․5 մլրդ դրամով իրականացվելու է 5 բյուջետային ծրագիր և 20 միջոցառում։ «Բարձր տեխնոլոգիաների, ռազմարդյունաբերության, թվայնացման, կիբեռանվտանգության, ինովացիոն տեխնոլոգիաների, կապի, փոստի, համացանցի և տիեզերական բնագավառներում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում և մոնիթորինգ» միջոցառման համար 2025 թվականին կհատկացվի 1 մլրդ 15 մլն դրամ։

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության էկոհամակարգի և շուկայի զարգացման ծրագրի համար նախատեսված է 32 մլրդ 810 մլն դրամ:

«Շուկաների զարգացում և միջազգային համագործակցություն» միջոցառման համար կհատկացվի 345 մլն դրամ: «Ձեռներեցության տեխնոլոգիական էկոհամակարգ» միջոցառման համար կհատկացվի 748,5 մլն դրամ: 29 մլրդ դրամ նախատեսված է տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցություն տրամադրելուն: