ԱԺ–ում առաջին ընթերցմամբ ընդունվեց «Ընտրական օրենսգրքի» փոփոխության նախագիծը

Ազգային ժողովը արտահերթ նիստում 66 կողմ, 16 դեմ և ձեռնպահ ձայների բացակայությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Ընտրական օրենսգրքում» փոփոխություններ նախատեսող նախագիծը։

Նախաձեռնության հեղինակ՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը նշում է, որ փոփոխությունն ուղղված է օրենսգրքում առկա տեխնիկական վրիպակի շտկմանը․ առաջարկվում է սահմանել, որ կուսակցությունների և դաշինքների անվանումները չպետք է ունենան անձնավորված բնույթ։

Իշխանական խմբակցությունում չեն թաքցնում, որ խնդրի մասին տեղեկացել են ընդամենը մի քանի օր առաջ և, հաշվի առնելով ժամկետները, որոշել են այն քննարկել և ընդունել հրատապ կարգով։ Ըստ նրանց՝ արագ գործընթացը պայմանավորված է այն հանգամանքով, որ ապրիլի 13-ից սկսվում է կուսակցությունների և դաշինքների գրանցման փուլը։

Ընդդիմադիր խմբակցությունները, սակայն, քննադատել են այս մոտեցումը՝ ընդգծելով, որ ընտրական օրենսդրության փոփոխությունները նախընտրական փուլում անթույլատրելի են։ Նրանք հիշեցնում են նաև Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական մոտեցումը, համաձայն որի՝ ընտրություններից առնվազն մեկ տարի առաջ պետք է խուսափել նման փոփոխություններից։

«Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է, որ նախագիծը արժանի չէ բովանդակային քննարկման և հրաժարվել է մասնակցել քվեարկությանը։

Նշենք, որ մինչ քվեարկությունը «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերցրել էր 20 րոպեանոց ընդմիջում, որը, սակայն, տևել է ավելի քան մեկ ժամ։ Համացանցում տարածված տեսանյութերից կարելի է ենթադրել, որ այդ պահին դահլիճում բավարար թվով իշխանական պատգամավորներ չեն եղել քվեարկությունն անցկացնելու համար։