
Նիկոլ Փաշինյանի արձագանքը Իլհամ Ալիևի հայտարարություններին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնչեցրած հայտարարություններին։ Նա հունվարի 7-ին ագրեսիվ հայտարարություններ է արել, Հայաստանին մեղադրել է ֆաշիստական պետություն լինելու, Հայաստանի զինվելու մեջ, խոսել միջանցքի մասին՝ նշելով, որ այն հաստատ կբացվի։
Փաշինյանը արձագանքել է Բաքվից հնչող ագրեսիվ հայտարարություններին՝ նշելով, որ Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել, արվում են ագրեսիվ հայտարարություններ՝ հաշվարկով, թե Երևանից կհնչեն ագրեսիվ պատասխաններ, ինչը Բաքվին հնարավորություն կտա ավելի ագրեսիվացնել սեփական հայտարարությունները՝ սա զուգորդելով Հայաստանի բանակի կողմից հրադադարի ռեժիմի խախտման մասին կեղծ տեղեկությունների տարածմամբ՝ տարածաշրջանում նոր էսկալացիայի «հիմնավորում» ձևավորելու համար:
Մենք չենք գնալու այս ճանապարհով, հավատարիմ ենք մնալու խաղաղության ռազմավարությանը և հետևողականորեն շարունակելու ենք խաղաղության օրակարգի իրագործումը: Սա նշանակում է՝ կիրառելու ենք ոչ թե ագրեսիվության, այլ երկխոսության լեզու: Մենք շարունակելու ենք կենտրոնացած մնալ սահմանազատման, խաղաղության պայմանագրի տեքստի համաձայնեցման, «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման, հումանիտար հարցերի, այդ թվում՝ անհետ կորածների ճակատագրի պարզաբանման խնդիրների վրա:
Անդրադառնալով Հայաստանը՝ ֆաշիստական պետություն անվանելուն Փաշինյանը արձանագրեց, որ հաշվարկն այն է, թե արձագանքը կլինի՝ ֆաշիստը դու ես, և Փաշինյանի նկարագրած գալարը կսկսի լարվել: Այս համնատեքստում նա հավելեց, որ Խաղաղության պայմանագրի չհամաձայնեցված երկու հոդվածների վերաբերյալ առաջարկել են լուծումներ և Ադրբեջանի դրական պատասխանի դեպքում պատրաստ են ստորագրել պայմանագիրը:
Ադրբեջանի նախագահը կրկին խոսել է միջանցքի մասին՝ ասելով, որ այն պետք է բացվի և կբացվի: Այս հարցին ի պատասխան՝ վարչապետը խոսեց «Խաղաղության խաչմերուկ» նախագծից, որը Հայաստանը պատրաստվում է իրագործել։
«Խաղաղության խաչմերուկը» ենթադրում է տարածաշրջանի բոլոր տրանսպորտային կոմունիկացիաների բացում, ներառյալ Ադրբեջան-Ադրբեջան՝ Հայաստանի տարածքով և Հայաստան-Հայաստան՝ Ադրբեջանի տարածքով: Արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու շատ կոնկրետ առաջարկ ենք արել Ադրբեջանին: Դա ավելին է քան առաջարկը, դա կոնկրետ հարցերի կոնկրետ լուծում է, և մենք սպասում ենք Ադրբեջանի դրական արձագանքին, որից հետո կայացած համաձայնությունը կարձանագրվի թղթի վրա, և մենք կսկսենք երկաթուղու մեր հատվածների շինարարությունը:
Ադրբեջանի նախագահը հարցազրույցի ընթացքում կրկին խոսել է Հայաստանի սպառազինության մասին՝ ասելով, որ այն միայն նոր լարվածություն կբերի տարածաշրջանին։ Սակայն, Փաշինյանը համաձայն չէ այս տեսակետին և վստահ է, որ Հայաստանի բանակի բարեփոխումների օրակարգում ոչ լեգիտիմության որևէ տարր չկա:
Նա կրկին նշել է, որ Հայաստանը ճանաչում է իր բոլոր հարևանների, ներառյալ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը և նույնը, այսինքն՝ Հայաստանի տարածքային ամբողջականության հստակ և անվերապահ ճանաչում է ակնկալում Ադրբեջանից: Հայաստանը ավելի քան 200 քառակուսի կիլոմետր օկուպացված տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չի դնում, որովհետև սահմանազատման գործընթացը տալիս է հնարավորություն այդ հարցը հասցեագրելու խաղաղ, բանակցային ճանապարհով:
Այս ամենի արձանագրումով որևէ մեկը չի կարող վիճարկել պաշտպանունակ բանակ ունենալու Հայաստանի իրավունքը: Ինչ վերաբերում է սպառազինության հետ կապված մտահոգություններին, մենք էլ ունենք մտահոգություններ Ադրբեջանի կողմից սպառազինվելու վերաբերյալ, նաև լսել ենք նրանց մտահոգությունը: Այս է պատճառը, որ սպառազինությունների փոխադարձ վերահսկման մեխանիզմ ձևավորելու առաջարկ ենք արել Ադրբեջանին և սպասում ենք նրանց պատասխանին:
Ադրբեջանը վերջին օրերին կրկին սկսեց ապատեղեկատվություններ տարածել, որոնք Հայաստանի ՊՆ-ն հերքում էր։ Նման իրավիճակները պարբերական բանավեճերի պատճառ չդարձնելու համար Հայաստանը առաջարկել է ստեղծել համատեղ մեխանիզմ, որ հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ ամեն ահազանգ համատեղ ստուգեն և գան համատեղ եզրակացությունների: Ադրբեջանը, սակայն, դեռ չի արձագանքել։
Փաշինյանը նաև հաստատեց, որ հունվարին սահմանազատման խմբերի հանդիպում նախատեսվում է: