ՀայաստանՔաղաքականություն

Հայաստանի դիվանագիտական նոր լեզուն. ի՞նչ է փոխվել ԱԳՆ կայքում

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքը տարիների ընթացքում ենթարկվել է էական փոփոխությունների, որոնք արտացոլում են ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացը, այլև երկրի արտաքին քաղաքականության շեշտադրումների փոփոխությունները։ Մինչ 2018 թվականը կայքի հիմնական շեշտադրումները կենտրոնացած էին Ցեղասպանության միջազգային ճանաչման և Արցախի հիմնախնդրի վրա, սակայն հետագայում այն ենթարկվեց կառուցվածքային և գաղափարական վերափոխման՝ արտացոլելով Հայաստանի արտաքին քաղաքական նոր առաջնահերթությունները։

Ինտերնետային արխիվներից կարելի է տեսնել, որ կայքի կառուցվածքը 2011 թվականից մինչև 2018-ի հուլիսը այլ կառուցվածք է ունեցել։ Թավշյա հեղափոխությունից հետո արդեն կայքի բովանդակությունը ամբողջովին փոխվում է։

Առանցքային փոփոխությունները, սակայն, արվել են վերջին հատվածում, որտեղ «Ցեղասպանության ճանաչում» տերմինը փոխարինվում է «Ցեղասպանության կանխարգելում» տերմինով։ Այնուամենայնիվ՝ ուսումնասիրելով ենթաբաժնում տեղադրված ինֆորմացիան, կարելի է նկատել, որ բոլոր տարեթվերին էլ նույն տեքստն է գրված։

Առանցքային փոփոխություններ արվել են Արցախին վերաբերող բաժնում։ 2011-2025 թվականներին փոփոխվել է բաժնի անունը՝ 2018 թվականին «Արցախ»-ից դառնալով սկզբում «Արցախ (Լեռնային Ղարաբաղ)», 2023 թվականից՝ «Լեռնային Ղարաբաղ»։

Բացի այդ, այժմ այդ բաժինը անհասանելի է։ Սա նաև մեծ քննարկումների ալիք էր բարձրացրել ինչպես քաղաքական շրջանակներում, այնպես էլ մեդիայում։ Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական կայքում Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիր բաժինը շուրջ մեկ տարի է՝ հասանելի չէ։ Կայքում անվանումը կա, սակայն բովանդակությունը հասանելի չէ։ ԱԳՆ-ից հայտնել էին, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բաժինը կայքից չի հեռացվել, պարզապես որոշ փոփոխություններ են արվում և «պատշաճ ժամկետներում» կվերականգնվի բաժինը։ Սակայն մինչ օրս այն անհասանելի է։

Այս խնդիրը կապվում էր Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպանի հայտարարության հետ։ Նրան անհանգստացրել էր բաժնում տեղ գտած այն արտահայտությունը, որտեղ նշվում էր, որ «Արցախը պատմական Հայաստանի անբաժանելի մասն է»։

Կայքում ավելացել է նաև 44-օրյա պատերազմի մասին պատմող առանձին բաժինը։

Այսպիսով, հետազոտություն կատարելով Արտաքին գործերի նախարարության պաշտոնական կայքէջում, կարող ենք ասել, որ եթե նախկինում այն բացահայտորեն ընդգծում էր պատմական արդարության վերականգնման և ինքնորոշման սկզբունքները, ապա ներկայում գերակշռող է դարձել ավելի դիվանագիտական, զուսպ մոտեցումը, ինչը մի կողմից կարող է դիտվել որպես միջազգային հարաբերությունների կարգավորման փորձ, բայց մյուս կողմից՝ որոշակի քաղաքական նահանջ։