
Հայոց ցեղասպանություն. պատմության դասերից մինչև պատմական հիշողություն
Ապրիլի 24-ը հայ ժողովրդի համար նաև հիշողության ու ինքնության պահպանման օր է։ Ցեղասպանության զոհերի հիշատակի այս օրը զրուցել ենք պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ, «Ցեղասպանագիտություն» մագիստրոսական ծրագրի համահեղինակ Մհեր Հովհաննիսյանի հետ՝ անդրադառնալով Օսմանյան իշխանությունների դրդապատճառներին, ժխտողական քաղաքականությանը, ինչպես նաև հայ-թուրքական հարաբերությունների հեռանկարներին։
Ըստ պատմաբանի՝ Օսմանյան իշխանությունների հիմնական դրդապատճառը՝ ցեղասպանություն կազմակերպելու համար, համադրվում է ազգային ու «ռազմական շովինիզմի», տարածքային վերահսկողության պահպանման և համաթուրանական ծրագրերի հետ։
Առաջին համաշխարհային պատերազմի պայմաններում երիտթուրքական վերնախավը հայերին ընկալում էր որպես «ներքին թշնամի»՝ կապ ունեցող արտաքին հակառակորդների (Ռուսաստան, Արևմուտք) հետ։ Ցեղասպանությունը նրանց համար դարձավ «լուծում»՝ ոչնչացնելով հայերին՝ ժողովրդագրական քարտեզը վերափոխելու և համաթուրանական ուղի բացելու նպատակով։
Ցեղասպանության իրավական ճանաչումը, պատմաբանի գնահատմամբ, ունի թե՛ պատմական արդարության վերականգնման, թե՛ կանխարգելիչ նշանակություն ապագա հանցագործությունների կանխման հարցում։ Թուրքիայում ճանաչումը կարող է խթանել պատմության վերաիմաստավորման, իսկ միջազգային մակարդակում՝ ամրապնդել պատասխանատվության իրավունքը՝ խարխլելով անպատժելիության ավանդույթը։
Այն հարցին, թե որքանո՞վ է այսօր ցեղասպանության թեման կենդանի Հայաստանի երիտասարդությա շրջանում, Հովհաննիսյանը կարծում է, որ երիտասարդների մեջ պահպանվում է ցեղասպանության հարցի նկատմամբ զգայունությունը՝ հատկապես մշակութային ինքնության, պատմական արդարության և թուրք-հայկական հարաբերությունների համատեքստում։ Ըստ նրա՝ ժամանակակից մեդիա ու կրթական նախաձեռնությունները շարունակում են թեման պահել օրակարգում։
Նա անդրադարձավ նաև ցեղասպանության ժխտմանն ու դրա մոռացության սպառնալիքներին․
Մոռացության և ժխտման վտանգներն ուղիղ կապ ունեն ինքնության և պատմական իրավունքի կորստի հետ։ Ժխտումը նաև բարոյական սպառնալիք է՝ օրինակ դառնալով այլ հանցագործությունների համար։ Ներքին սպառնալիքը կայանում է սերունդների անտարբերության ձևավորման մեջ, իսկ արտաքինում՝ քաղաքական ուժերի կողմից ժխտումը շահարկելու փորձերում։
Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության փաստի մերժման խորքային պատճառները, ըստ Հովհաննիսյանի, կապված են ազգային պատմության մոնումենտալ և մաքրված պատկերի պահպանման, հնարավոր իրավական և նյութական պատասխանատվությունից խուսափելու հետ։ Ցեղասպանության ընդունումը, ըստ նրա, կբացահայտեր ամբողջ հանրապետության պատմական հիմքի վերարժևորման անհրաժեշտությունը, իսկ որքանո՞վ այն կնպաստեր երկրների միջև հարաբերությունների կայացման հարցում։
Ցեղասպանության ընդունումը կնշանակեր վերարժևորել Թուրքիայի պետականության պատմական հիմքերը՝ մի բան, որ դեռևս քաղաքական կամք չկա իրականացնելու։ Ինչ վերաբերում է հայ-թուրքական հաշտեցման հեռանկարներին, այն կարող է լինել միայն այն դեպքում, եթե տեղի ունենա անկեղծության և պատասխանատվության մթնոլորտում։ Ճանաչումն այս դեպքում կդառնա ոչ թե ավարտ, այլ ելակետ՝ ճշմարտության, հիշողության և վերականգնման վրա հիմնված հաշտեցման համար։
Ցեղասպանության դասավանդումը դպրոցներում ևս կարևոր խնդիր է, որը, ըստ պատմաբանի, պետք է լինի համադրական և ստեղծագործական՝ միավորելով փաստերը մարդկային պատմությունների, իրավական և համաշխարհային համատեքստերի հետ։ Անհրաժեշտ է խուսափել ատելության ձևավորումից՝ միաժամանակ զարգացնելով գիտակից հիշողություն և պատմական պատասխանատվություն։