ՀայաստանՍոցիալական

Մայիսի 9-ը պատմական հիշողության և ինքնաճանաչման համատեքստում

Մայիսի 9-ը խորհրդային տարիներին նշվում էր որպես հաղթանակ նացիզմի դեմ Հայրենական Մեծ պատերազմում, իսկ հետխորհրդային Հայաստանում ձեռք բերեց նոր՝ ազգային ազատագրական իմաստ։ Մայիսի 9-ը խորհրդանշում է 1992 թվականի մայիսի 9-ին Շուշիի ազատագրումը և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ստեղծումը։ Սակայն 2020 թվականի Արցախյան պատերազմից և Շուշիի կորստից հետո մայիսի 9-ի ընկալումը շատերի համար փոխվել է։ Հաղթանակի զգացողությունը տեղ է զիջել կորստի ցավին։ Մայիսի 9-ի խորհրդի մասին, պատմական հիշողության կարևորության և նրա պահպանման անհրաժեշտության մասին զրուցել ենք սոցիոլոգ, քաղաքական գիտությունների դոկտոր Արթուր Աթանեսյանի հետ։

Պատմական հիշողության կառուցումը ժամանակի ընթացքում անխուսափելիորեն ենթարկվում է փոփոխությունների։

Աթանեսյանի խոսքով, Սովետական Միության տարիներին՝ 1945 թվականից հետո, Հաղթանակի օրվա ընկալումները եղել են ավելի իրատեսական, որովհետև այդ ժամանակ դեռ ողջ էին պատերազմի անմիջական մասնակիցները։

Հետաքրքրական է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմը մենք անվանում ենք Հայրենական պատերազմ՝ համարելով, որ դա մեր հայրենիքի դեմ ուղղված պատերազմ էր։ Սոգիոլոգը հիշեցնում է, որ Սովետական միությունը սկսել է մասնակցել պատերազմին դեռևս 1939 թվականից։

Խորհրդային տարիներին հաղթանակի մշակույթը ինստիտուցիոնալացված էր դպրոցներում, մեդիայում, պետական միջոցառումներում։ Այսօր այդ ինստիտուցիոնալ բազան թուլացել է։ Տոնի ընկալումը ևս տարիների ընթացքում փոխվել է։

Սրանք հիշողության երկու մոտեցումներն են։ Մեկը՝ երբ մարդիկ կոտրվում են պարտություններից, թուլանում և այլևս չեն ուզում այդ մասին խոսել։ Մյուս մոտեցումն այն է, որ յուրաքանչյուր հարված ավելի է ուժեղացնում մարդուն։

Սոցիոլոգի դիտարկմամբ, այսօր որոշ դպրոցներում Ղարաբաղյան պատերազմը այլ դիտանկյունից է ներկայացվում, և շեշտադրումը հաճախ արվում է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի պարտության վրա՝ ոչ թե առաջին պատերազմի հաղթանակի։

Սոցիոլոգը նկատում է, որ տարիների ընթացքում տոնի վերաբերյալ միջոցառումները գնալով պակասում են, պետական մակարդակով դերակատարումը՝ նույնպես։

Նա հիշեցնում է, որ տարեց քաղաքական գործիչները հաճախ կապված էին վետերանների հետ, ունեին սովետական հաղթող ազգի ինքնությունը, մինչդեռ երիտասարդ քաղաքական գործիչներն ունեն փորձի, հիշողության և նախորդ սերնդի մարդկանցից սովորելու պակաս։ Սոցիոլոգը մեկնաբանեց, թե ինչու չպետք է մոռանալ մայիսի 9-ը։

Աթանեսյանը կարծում է, որ պատմական հիշողությունը չմոռանալու համար մի շարք ինստիտուցիոնալ քայլեր է պետք անել։ Նախ և առաջ պետք է օգտագործել թվային մեդիան, ցանցային տեխնոլոգիաները։ Կազմակերպել այնպիսի դպրոցներ, որտեղ փորձառու անձինք կկիսվեն իրենց փորձով, արժեքներով, դժվարություններով։

Այսօր, երբ մայիսի 9-ի ընկալումը հայ հասարակության մեջ գտնվում է փոփոխման շրջանում, առավել քան կարևոր է պահպանել հիշողության շղթան՝ նոր սերունդներին փոխանցելով այն իրական արժեքները, որոնց շնորհիվ մեր ազգը կարողացել է հաղթահարել պատմության ամենադժվարին փորձությունները։

Սեդա Մարտոյան