
Ի՞նչ կտա խաղաղության պայմանագրի նախաստորագրումը Հայաստանին․ զրույց քաղաքագետի հետ
Հայաստանի ու Ադրբեջանի միջև կնքված խաղաղության պայմանագրի նախաստորագրումը հասարակության մեջ մեծ քննարկումների առիթ է տվել։ Հասարակության որոշ մաս կարծում է, որ այն կբացի խաղաղության դարաշրջան, որի մասին խոսում են նաև իշխանական ներկայացուցիչները։ Հասարակության որոշ մաս նկատում է, որ նախաստորագրումը կարող է ավելի վատ իրադրության մեջ դնել Հայաստանին։
Զրուցել ենք քաղաքագետ Ռոբերտ Ղևոնդյանի հետ, ով կարծում է, որ նախաստորագրումը Հայաստանին կարող է շատ բան տալ դրական առումով, եթե Հայաստանը համապատասխան աշխատանքներ իրականացնի ու փորձի հստակ կերպով իմպլեմենտացնել այն բոլոր պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել։
Օրինակ, կարծես թե Միացյալ Նահանգները որոշակի շտապողականություն դրսևորում է` կապված ճանապարհի հարցում գործողությունների իրականացմանը, եթե Հայաստանը ընդառաջ գնա այդ շտապողականությանը, եթե Հայաստանը իր կողմից իր պայմանները առաջարկի, իր հնարավորությունները առաջարկի, եթե Հայաստանը փորձի պրոակտիվ լինել նաև այլ ուղղություններով, փորձի միացնել այս գործընթացին նաև այլ երկրներ, որոնք հետաքրքրություն կցուցաբերեն (խոսքը առաջին հերթին եվրոպական երկրների և ամենաառաջինը` Ֆրանսիայի մասին է), եթե տարածաշրջանում պրոակտիվ կերպով Հայաստանը փորձի օգուտներ քաղել այս համաձայնությունից, այս հռչակագրից, եթե, օրինակ, Հայաստանը Թուրքիայի հետ փորձի գործընթացները արագացնել և այս գործընթացին զուգահեռ փորձի նաև հասնել Հայաստան-Թուրքիա սահմանի բացմանը, եթե Հայաստանը իր աշխատանքը սկսի կատարել և կատարի որակով, ապա բավական մեծ օգուտներ կկարողանա։ Այստեղ Հայաստանի համար շատ մեծ աշխատանքի դաշտ կա։
Այս հռչակագրի մասին արձագանքել են նաև հարևան պետությունները, մասնավորապես Իրանի իսլամական հանրապետությունը։ Իրանից ողջունում են երկու երկրների միջև այս քայլը, սակայն մտահոգություն են հայտնում ցանկացած արտաքին միջամտության հնարավոր բացասական հետևանքների վերաբերյալ, հատկապես ընդհանուր սահմանների մոտ։ Անդրադառնալով Իրանի արձագանքին՝ քաղաքագետը նշում է․
Իրանի հետ ևս պետք է աշխատել։ Ես նշեցի, որ տարածաշրջանում էլ է պետք լինել պրոակտիվ, պետք է փորձել Իրանին ներգրավել տարբեր գործընթացներում։ Տեսեք, օրինակ, Հյուսիս-հարավ ճանապարհի կառուցման աշխատանքներում Իրանը բավական ակտիվ ներգրավված է, և նրանց հետաքրքիր է այս ճանապարհը, այս ենթակառուցվածքը, որը ձևավորվում է, իսկ Միացյալ Նահանգներում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև, մասնավորապես խաղաղության խաչմերուկի վերաբերյալ փոխըմբռնում ենթադրող փաստաթուղթ է ստորագրվել, որտեղ ևս կարծես թե Միացյալ Նահանգների կողմից բավական մեծ հետաքրքրություն կա, և հյուսիս-հարավը այդ խաղաղության խաչմերուկի մի բաղադրիչն է։ Ստացվում է, որ այստեղ կա մի հատված, որտեղ Միացյալ Նահանգները և Իրանի շահերը համընկնում են, և Հայաստանը պետք է աշխատի այդ ուղղությամբ, որպեսզի այդ շահերի համընկնումը ի վերջո գետնի վրա դառնա հստակ համագործակցություն, ինչը բավական մեծ նորություն կլինի և մեծ հաջողություն կլինի Հայաստանի դիվանագիտության համար։ Ընդ որում նշենք, որ սպասվում է Իրանի նախագահի այցը Հայաստան։ Արդեն հայտարարվել է, որ 2 շաբաթվա ընթացքում կայցելի, և այդ այցի ընթացքում, հուսանք, այս ամենի վերաբերյալ փոխըմբռնում ենթադրող համաձայնություններ ձեռք կբերվեն
Փաշինյանը նախաստորագրումից հետո իր հարցազրույցում նշեց երկաթուղիների գործարկման մասին։ Քաղաքագետը անդրադարձավ Ադրբեջանով դեպի Նախիջևան երկաթուղուն։ Բացի այդ կարևորեց Փաշինյանի ելույթում Իջևան-Ղազախ երկաթուղու վերակառուցման միտքը։
Եթե երկաթուղին աշխատի Ադրբեջանով դեպի Նախիջևան, ապա սա ակնհայտորեն միանում է ռուսական երկաթուղուն, որովհետև Ռուսաստանը հիմա հնարավորություն ունի մինչև Ադրբեջան գալ, և փաստացի Ադրբեջանը կառուցում է ճանապարհ մինչև Սյունիք, և դրանից հետո Հայաստան մտնելը կապված է հենց այս հանգույցի հետ, որը պետք է ձևավորվի։ Բայց ես նշեմ, որ այստեղ կա մեկ այլ բան էլ, որի մասին շատ թռուցիկ ասվեց։ Ընդ որում Փաշինյանը դրա մասին ասաց երեկոյան, երբ պատասխանում էր հայկական լրատվամիջոցների հարցերին։ Խոսքը վերաբերում էր Իջևան-Ղազախ երկաթուղու վերակառուցմանը, որի մասին ընդամենը 1 նախադասությամբ նշեց։ Դա շատ կարևոր էր իր ամբողջ այդ ելույթներում։ Եթե այդ հանգույցը կառուցվի, ապա այստեղ այլևս կարիք չի լինի, ընդ որում, եթե այդ հանգույցը կառուցվի Հարավկովկասյան երկաթուղիների կողմից։ Գիտենք, որ Հարավկովկասյան երկաթուղիներին է պատկանում այս պահին գործող երկաթուղին, և Փաշինյանն էլ ասաց, որ Ռուսաստանը գուցե ցանկանա ներդրում կատարել և կառուցել այդ հանգույցը, իսկ պայմանագրով նախատեսված է, որ Հարավկովկասյան երկաթուղին սեփականության իրավունք կամ կառավարման իրավունք է ձեռքբերում այն հանգույցների նկատմամբ, որը ինքն է կառուցում։ Փաստացի, քանի որ Սյունիքում ինքը չի կառուցելու, դա Հարավկովկասյան երկաթուղունը չի լինելու և ինքը չի կառավարելու։ Իսկ եթե ներդրում կատարի, կառուցի Ղազախի երկաթուղին, դա լինելու է Հարավկովկասյան երկաթուղու կառավարման ներքո։ Դա նշանակում է, որ Հայաստանը կարող է կապվել` արդեն շրջանցելով այս հայամերիկյան ենթադրվող կազմակերպության կողմից կառուցվող Սյունիքի հատվածը։ Այսինքն` Ռուսաստանը կարող է անմիջապես Ղազախով կապվել Հայաստանի հետ երկաթուղով և ոչ թե հարավով` Սյունիքով, որտեղ հայամերիկյան կազմակերպությունն է լինելու փաստացի կառավարողը։
Չնայած նրան, որ հռչակագրի ստորագրման ժամանակ անդրադարձ չեղավ Ադրբեջանում պահվող գերիների մասին, սակայն Փաշինյանը խոսեց դրա մասին արդեն հարցազրույցի ընթացքում։ Այն հարցին, թե արդյոք գերիների հարցը կլուծվի, Ղևոնդյանը կիսվեց իր տեղեկությունով ու նշեց, որ այն ինչ-որ մի փուլում կլուծվի։
Ես ենթադրում եմ, որ գերիների վերադարձի վերաբերյալ որոշակի գործընթացներ տեղի են ունենում։ Այդ մասին նաև Փաշինյանը ակնարկեց իր խոսքում։ Ես նշեմ, որ իմ ունեցած տեղեկություններով այդ մասին խոսակցություններ են եղել նաև Աբու Դաբիում Փաշինյանի և Ալիևի նախորդ հանդիպման ընթացքում։ Հավանաբար գործընթացը տեղի է ունենում և ընդհանուր համաձայնությունների իրականացման ենթատեքստում ինչ֊որ մի փուլում այդ հարցը ևս կլուծվի։ Ընդ որում, դրա մասին խոսել էր նաև Թրամփի հատուկ ներկայացուցիչը։ Մի քանի ամիս առաջ, երբ Հայաստանը և Ադրբեջանը հայտարարեցին, որ համաձայնեցրել է խաղաղության համաձայնագրի տեքստը, այդ ժամանակ նա ուղիղ կերպով կապել էր խաղաղության համաձայնագիրը գերիների ազատ արձակման հետ` նշելով, որ պետք է անել հաջորդ քայլը։ Հավանաբար Հայաստանը և Ադրբեջանը հենց որ կհասնեն այդ հաջորդ քայլին, գերիների հարցն էլ կլուծվի։ Բայց հուսանք, որ նույնիսկ նույնիսկ եթե այդ քայլը ուշանա, գերիների հարցում առանձին գործընթաց, որը տեղի է ունենում, հուսանք, որ այս դեպքում ևս առանց խաղաղության համաձայնագրի ստորագրման գերիների հարցը շատ ավելի շուտ կլուծվի։