ԿրթությունՀայաստանՍոցիալական

300 պատմության ուսուցչի բողոքի ձայնը պետությունը չի լսում

Կրթության և գիտության ոլորտում տեղի ունեցող ցանկացած փոփոխություն, հատկապես ատեստավորման ժամանակացույցերի վերջին պահին կատարված լրացումները, ցույց են տալիս ուսուցիչ-պետություն հարաբերությունների խորացող անջրպետը։ Հայաստանի տարբեր մարզերից պատմության շուրջ 300 ուսուցչի բաց բողոքը ոչ միայն աշխատանքային իրավունքների հարց է, այլև ազդանշան՝ համակարգային լուրջ խնդրի մասին։
Բողոքի պատճառ է դարձել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի՝ 2025 թվականի հոկտեմբերի 22-ի հրամանը, որով փոփոխություններ են կատարվել նույն թվականի օգոստոսի 29-ի ատեստավորման ժամանակացույցում։ Ուսուցիչների խոսքով՝ գործընթացի մեկնարկից ընդամենը ինը օր առաջ կատարված այս փոփոխությունը խախտում է աշխատանքային իրավունքները և ստեղծում անհավասար պայմաններ։ Ուսուցիչների իրավունքների պաշտպանության կոմիտեն բաց նամակով դիմել է նաև Մարդու իրավունքների պաշտպանին՝ խնդրելով գնահատել իրավիճակը և արձագանքել անհավասար վերաբերմունքին։
Ինչո՞ւ է պետությունը հեռանում կրթության կրողից՝ ուսուցչից, ինչպե՞ս է անվստահության մթնոլորտը հանգեցնում «լուռ խտրականության», և ի՞նչ վտանգներ են սպառնում հաջորդ սերնդին, եթե կրթությունը վերածվում է չափելի ցուցանիշների. այս և այլ կարևոր հարցերի շուրջ զրուցել ենք Ուսուցիչների իրավունքների պաշտպան, հոգեբան, կրթության փորձագետ Արմինե Դավթյանի հետ։
— Ի՞նչն է փոխվել վերջին տարիներին ուսուցիչ-պետություն հարաբերություններում։

— Վերջին տարիներին ուսուցիչն ու պետությունը կարծես հեռացել են իրարից։ Նախկինում, որքան էլ խնդիրներ կային, ուսուցիչն իրեն զգում էր կրթության կրողը՝ մարդ, որի ձայնը արժեք ունի։ Հիմա ամեն ինչ դարձել է չափելի, թվային, ձևական։ Ուսուցիչը այլևս ոչ թե մանկավարժական, այլ բյուրոկրատական դաշտում է գործում։
Տրամաբանական է, որ նախարարությունը կասեր, որ դա արվում է որակի վերահսկման և արդարության համար: Սակայն առողջ կառավարման առումով վերահսկողությունը չի կարող փոխարինել վստահությանը։ Ուսուցիչը պետք է զգա, որ իր վրա հենվում են, ոչ թե՝ հետևում։ Երբ մարդուն անընդհատ չափում ես, նա դադարում է ստեղծել, վախենում է սխալվելուց։ Իսկ կրթությունը առանց փորձարարության ու ստեղծարարության դառնում է մեխանիկա։

— Ինչպե՞ս եք գնահատում նախարարության և ուսուցիչների հաղորդակցությունը․ զգո՞ւմ եք արդյոք խտրական վերաբերմունք հատկապես պատմության ուսուցիչներիհանդեպ։


— Առաջին հայացքից ամեն ինչ կարծես բաց է․ առցանց հարթակներ, հաղորդագրություններ, քննարկումներ։ Բայց սա «օրեոկի էֆֆեկտ» է՝ վերևից փայլուն է, ներսից՝ դատարկ։ Իրական երկխոսություն չկա։ Ուսուցիչը խոսում է, բայց իր ձայնը ոչինչ չի փոխում, իսկ արդյունքում առաջանում է անօգնականության և ձևականության զգացում։ Այս իրավիճակում հատկապես տեսանելի է պատմության ուսուցիչների լուռ խտրականությունը՝ ոչ թե ուղղակի, այլ խորքային մակարդակում։ Պատմությունը գաղափարական առումով միշտ եղել է ինքնության և ազգային հիշողության կրող, և երբ այն սկսում են «նրբորեն վերաձևել», ուսուցիչը հայտնվում է անվստահության մթնոլորտում։ Նրա խոսքը սկսում է ուղեկցվել ինքնագրաքննությամբ՝ «կարո՞ղ եմ այսպես ասել», «արդյոք սա սխալ չի՞ ընկալվի»։ Սա արդեն հոգեբանական ճնշման դրսևորում է, որը խաթարում է մասնագիտական ազատությունը։
Բոլոր խնդիրները, ըստ էության, հանգում են վստահության բացակայությանը։ Եթե ուսուցիչը չի զգում, որ իր կարծիքը լսվում է ոչ թե ձևական, այլ բովանդակային մակարդակում, ապա ցանկացած բարեփոխում կորցնում է իր արժեքը։ Պետությունը պետք է ոչ միայն վերահսկի, այլև հոգատար լինի իր ուսուցչի հանդեպ։ Պատմության պարագայում խնդիրը նաև ունի այլ՝ խորքային արմատներ։ Վերջին տարիներին քաղաքական, սոցիալական և կրթական գործընթացներում ակնառու է դարձել ազգային, հայկական մշակութային ու գիտակրթական երևույթների արժեզրկման միտումը։ Այդ պատճառով ուսուցիչները ցանկացած փոփոխություն ընկալում են խտրականության դիտանկյունից։ Թեև օրինակ՝ ատեստավորման ժամանակացույցերի փոփոխությունները վերաբերել են մի քանի առարկաների, պատմության ուսուցիչները դա առավել զգայուն են ընդունում՝ հենց ինքնության հարցերի նկատմամբ բարձր պատասխանատվության պատճառով։ Ես միշտ ասել եմ և հիմա էլ կրկնում եմ՝ գործադիրի խնդիրը Սահմանադրական և օրենսդրական պահանջների կատարողականությունն ապահովելն է։ Այն չի կարող հենվել անհատի համոզմունքների կամ անցողիկ գաղափարների վրա։ Մինչդեռ մեր կրթական համակարգը այսօր, ցավոք, զգալիորեն շեղվել է «ազգային դպրոցի» գաղափարից՝ այն հիմքից, որի վրա պետք է կառուցվեր հանրային և հոգևոր միասնականությունը։

— Եթե որոշումները չվերանայվեն, ի՞նչ հետևանքներ կարող են լինել ոչ միայն ուսուցիչների, այլև աշակերտների համար։

— Առաջինը հոգեբանական շերտն է։
Ուսուցիչը սկսում է գործել վախի դաշտում։ Ներքին այրումը, հիասթափությունը, անարդարության զգացումը բերում են հուզական հոգնածության։ Արդյունքում նա վերածվում է մեխանիկորեն գործող մասնագետի՝ առանց ներշնչանքի և հավատքի։ Երբ մարդը կորցնում է իր գործի իմաստային հիմքը, նա սկսում է պարզապես գոյատևել համակարգում՝ ոչ թե ապրել իր մասնագիտությամբ։
Երկրորդը՝ սոցիալական շերտն է։
Երբ ուսուցիչը կորցնում է իր հեղինակությունը, աշակերտը կորցնում է հարգանքը կրթության հանդեպ։ Այդ պահին կրթական միջավայրը դառնում է տեխնիկական՝ չափելի, հաշվետու, բայց ոչ արժեքահեն։ Այն այլևս չի ձևավորում ազատ մտածողություն, այլ արտադրում է ցուցանիշներ։ Իսկ երբ կրթությունը վերածվում է ցուցանիշների համակարգի, այն դադարում է դաստիարակել մարդուն։
Երրորդը արժեքային շերտն է, և սա ամենավտանգավորն է։
Եթե ուսուցչի նկատմամբ անհարգալից վերաբերմունքը դառնում է նորմ, ապա հասարակությունը կորցնում է իր բարոյական դեմքը։ Ուսուցիչը պետության արժեքային չափանիշն է։ Նրա հոգնածությունը նշանակում է հասարակության հոգնածություն, նրա անտարբերությունը՝ սերնդի բարձիթող վիճակ դաստիարակության առումով։ Եթե ներկայիս կառավարման համակարգը չի գիտակցում այս պատճառահետևանքային կապը և չի ձգտում կանխել այդ վտանգավոր միտումները, ապա դա լինելու է գործող կրթական քաղաքականության անխուսափելի հետևանքը՝ ոչ շատ հեռու ապագայում։ Հուսամ, որ սա ոչ թե մշակված ծրագիր է, այլ պարզապես անարդյունավետ կառավարման ձև՝ առանց խորքային հետևանքների գիտակցման։
Այլապես դա ցավոտ կլինի ոչ միայն ուսուցիչների, այլև սերնդի ու պետության համար, որովհետև կրթական համակարգի փլուզումը երբեք չի լինում հանկարծակի. այն սկսվում է հենց այն պահին, երբ պետությունը դադարում է լսել իր ուսուցչին։


— Ինչպե՞ս պետք է փոխվի ատեստավորման համակարգը, որպեսզի այն լինի արդար և արդյունավետ՝ ուսուցիչների տեսանկյունից։


— Ատեստավորումը չպետք է լինի պատժիչ, հարկադիր կամ նյութականացված գործիք, այլ՝ զարգացման և մասնագիտական աճի խթան։ Ուսուցիչը պետք է կարողանա ներկայացնել իր առաջընթացը, ստեղծարար որոնումները և սեփական ձեռքբերումները, ոչ թե պարզապես անցնի քննություն՝ որպես ձևական պահանջ։
Որակը չի կարող չափվել նույն չափանիշներով բոլորի համար։ Անհրաժեշտ է հաշվի առնել ուսուցչի փորձը, աշխատանքի միջավայրը, աշակերտների առանձնահատկությունները և համայնքային պայմանները։ Միևնույն ձևաչափով գնահատել բոլորին՝ նշանակում է չտեսնել անհատականությունը։
Գնահատման գործընթացում պետք է ընդգրկվեն ոչ միայն գիտելիքային, այլև հաղորդակցական, ստեղծագործական և բարոյական ցուցանիշներ։ Ուսուցիչը ոչ միայն փոխանցում է գիտելիք, այլ ձևավորում է մարդուն։ Այս մասնագիտությունն առանձնահատուկ է իր առաքելությամբ․ այն ուղղված է հեռահար նպատակներին՝ անձի ձևավորմանը՝ որպես պետության կարևորագույն սուբյեկտ։
Կարճաժամկետ նպատակներով հարկադրանք կամ վարչական ճնշում կիրառելը միայն նսեմացնում է մասնագիտությունը, բայց չի խթանում այն։ Եթե ուսուցիչը չի զգում վստահություն և գործընկերային վերաբերմունք, նա չի կարող ստեղծել ոգեշնչող կրթական միջավայր։
Ուստի անհրաժեշտ է ձևավորել այնպիսի համակարգ, որտեղ ուսուցիչը կլինի ոչ թե ենթարկվող, այլ գործընկեր կրթական քաղաքականության մշակման գործընթացում։ Միայն այդ դեպքում ատեստավորման համակարգը կդառնա արդար, արդյունավետ և իրապես զարգացնող՝ ինչպես ուսուցչի, այնպես էլ ամբողջ կրթական համակարգի համար։

— Ո՞րն է այսօր պատմության ուսուցչի ամենամեծ մարտահրավերը։


— Պատմության ուսուցիչը կանգնած է բարդ դաշտում․ նա պիտի լինի գիտականորեն ճշգրիտ, բայց միաժամանակ կարողանա պահպանել ազգային ինքնության խորքային կապը։ Դա պահանջում է բարձր ներքին մշակույթ, բարոյական ամրություն և պատասխանատվություն։ Հատկապես այսօր՝ տեղեկատվական քաոսի պայմաններում, երբ հարևան երկիրը պարբերաբար հանդես է գալիս զավթողական հայտարարություններով և սեփական պատմության խեղաթյուրումով՝ փորձում է համոզել սեփական ժողովրդին, թե ոչ թե իրենք, այլ մենք ենք «զավթողները»։ Երբ պատմությունը վերածվում է քաղաքական գործիքի, իսկ վառելիքի ու տնտեսական շահերի հաշվարկով է պայմանավորվում պետությունների վարքագիծը, այնտեղ անխուսափելիորեն սկսում են վաճառվել նաև ճշմարտությունն ու բարոյականությունը։ Այս պայմաններում պատմության ուսուցիչը կանգնած է առանձնահատուկ պատասխանատվության առաջ․ նա պետք է կարողանա սովորեցնել աշակերտին քննադատական մտածողություն՝ առանց արժեհամակարգը քանդելու։ Քննադատական մտածողությունը չի նշանակում կասկածել ամեն ինչին․ այն նշանակում է՝ հասկանալ արժեքների խորքը, տարբերակել ճշմարտությունն ու մանիպուլյացիան։ Մեր պետականության պահպանման առանցքը հենց պատմության սխալներից ու արժեքներից դասեր քաղելն է՝ ձևավորելու համար արժանապատիվ ինքնություն ունեցող սերունդ։ Այսօրվա հասարակական լարվածության և տեղեկատվական աղմուկի պայմաններում պատմության ուսուցիչը հաճախ դառնում է հոգեբանական բուֆեր՝ աշակերտների, ծնողների և պետության միջև։ Նրա ամենամեծ մարտահրավերը՝ չկորցնել ինքնավստահությունը և պահպանել բարոյական հաստատունությունը և լուսավորող արժեքային դիրքը, անգամ այն ժամանակ, երբ իրականությունը կարծես մթնում է։

Փորձագետ Արմինե Դավթյանը բողոքի ալիքի տակ տեսնում է վստահության խորքային ճգնաժամ ուսուցիչ-պետություն հարաբերություններում։ Նրա կարծիքով, կրթական բարեփոխումները ձախողում են, քանի որ կառավարումը հիմնված է բյուրոկրատական վերահսկողության, այլ ոչ թե մասնագիտական վստահության վրա։ Մասնագետը զգուշացնում է, որ վախի մթնոլորտը «այրում է» ուսուցչին՝ հանգեցնելով հոգեբանական ճնշման և կրթության՝ որպես արժեքային համակարգի փլուզման։ Դավթյանը կոչ է անում ատեստավորումը դարձնել զարգացման գործիք, ոչ թե պատժիչ մեխանիզմ, ապահովելով գործընկերային և բովանդակային երկխոսություն կրթական քաղաքականություն մշակողների հետ։

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով