Աբխազիայում հայկական դպրոցները կանգնել են դատարկման վտանգի առաջ
Այս տարվա սեպտեմբերի 1-ին Աբխազիայի Գագրա շրջանում գործող հայկական հինգ դպրոց ընդունել է ընդհանուր թվով 52 հայ աշակերտի, չնայած նրան, որ նախկինում դպրոցներում հարյուրավոր հայ երեխաներ էին սովորում։ Թվերի այս կտրուկ նվազումը մտահոգում է Աբխազիայում ապրող համշենահայ գրող և մտավորական Վահան Վարվաշտյանին, որը թեման բարձրացրել է հանրային քննարկման մակարդակում։ Նրա խոսքով՝ վտանգն իրական է․ «Սրանից է կախված մեր վաղվա ով լինելը։ Եթե հայերենը կորցնենք, կձուլվենք, որովհետև մերը կմոռանանք։ Վաղը այլևս չենք հասկանա միմյանց, մեր արժանապատվությունը, մեր սրբությունը չենք կարողանա պաշտպանել»։
Մտավորականն ահազանգում է, որ ծնողները հաճախ խուսափում են երեխաներին հայկական դպրոց ուղարկելուց՝ վախենալով, որ հայերեն կրթությունը կսահմանափակի նրանց հնարավորությունները բարձրագույն կրթություն ստանալու համար։
«Քանի մարդ կա, որ ավարտել է հայկական դպրոց և շարունակել կրթությունը Երևանում կամ ռուսական քաղաքներում։ Սա օրինակ չէ՞ ծնողների համար», — ասում է Վարվաշտյանը՝ ընդգծելով, որ հայերենը ոչ թե խոչընդոտ, այլ ազգային ինքնության և արժանապատվության պահպանման հիմքն է։
Մտավորականը կոչ է անում ծնողներին գիտակցել իրավիճակի լրջությունը և աջակցել հայկական դպրոցներին։
Աբխազիայի հայ համայնքը երկրի ամենամեծ էթնիկ խմբերից մեկն է. հայերը բացարձակ մեծամասնություն են կազմում մայրաքաղաք Սուխումի, Գագրայի ու Գուլրիփշի շրջաններում։ Երկրում գործում է 20-ից ավել հայկական դպրոց։ Սակայն ելնելով ռուսական ազդեցությունից՝ դպրոցներում գերիշխող լեզուն ռուսերենն է, իսկ մյուս լեզուները մնում են երկրորդական։ Բացի այդ՝ հայ երեխաները որոշ դժվարություններ են ունենում գրական հայերենի հետ կապված, քանի որ դպրոցից դուրս հիմնականում խոսում են համշենահայերեն կամ ռուսերեն։ Խնդիրներից մեկն էլ երիտասարդ ուսուցիչների պակասն է, որը վտանգ է լեզվի փոխանցման շարունակականության համար։
Գագրայի դպրոցների պատմությունը պարզապես կրթության մասին չէ․ դա պայքար է հիշողության և ինքնության պահպանման համար։ Իսկ այդ պայքարը սկսվում է դպրոցից։
