
Արամուսում և Զովաշենում 4 մարդու սպանած տղամարդը խոստովանական ցուցմունք է տվել
Կոտայքի մարզում տեղի ունեցած չորս անձի սպանության դեպքի առթիվ կալանավորված տղամարդը տվել է խոստովանական ցուցմունք։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Հոկտեմբերի 12-ին Արամուս գյուղի դաշտամիջյան ճանապարհի մոտ գտնվող հողամասում հայտնաբերվել էին ամուսիններ Արմենուհի Ղ.-ի և Գևորգ Ղ.-ի մարմինները՝ հրազենային և եղանի հարվածների հետքերով։ Դեպքից հետո կասկածյալը ձերբակալվել էր։
Քննությամբ պարզվել է, որ 2025 թվականի հոկտեմբերի 12-ին Կոտայքի մարզի Արամուս գյուղից դեպի Նոր Գյուղ տանող դաշտամիջյան ճանապարհի հարևանությամբ գտնվող հողամասում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Թ.Հ.-ն իրեն պատկանող ողորկափող հրացանից կրակոցներ է արձակել նույն գյուղի բնակիչներ Մ.Ս.-ի և Գ.Ղ.-ի ուղղությամբ, ինչի հետևանքով վերջիններս մահացել են: Այնուհետև Կոտայքի մարզի Զովաշեն գյուղի դաշտամիջյան ճանապարհին իրեն պատկանող հրացանով կրակոցներ է արձակել Վ.Մ.-ի և Մ.Հ.-ի ուղղությամբ՝ սպանելով նրանց: Կատարվածից անմիջապես հետո Թ.Հ.-ն հափշտակել է Վ.Մ.-ին պատկանող ավտոմեքենան
Քննության ընթացքում կասկածյալին պատկանող հրացանը հայտնաբերվել է հենց այդ ավտոմեքենայում։ Երկու քրեական վարույթները միացվել են մեկ ընդհանուր վարույթի։
Թ.Հ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն)՝ երկու դրվագով, 155-րդ հոդվածի 2-րդ մասի 10-րդ և 13-րդ կետերով (շահադիտական դրդումներով կամ այլ հանցանքը թաքցնելու նպատակով կատարված սպանություն)՝ երկու դրվագով և 252-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով (խոշոր չափերով ավազակություն)։